Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Առողջապահական առաջնային օղակի բարելավումը գալիք տարվա լուրջ մարտահրավեր. նախարարն ամփոփեց տարին

Առողջապահական առաջնային օղակի բարելավումը գալիք տարվա լուրջ 
մարտահրավեր. նախարարն ամփոփեց տարին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության ոլորտում 2017-ի գլխավոր ձեռքբերումներից են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական ապահովագրության փաթեթների տրամադրման նախադրյալների ստեղծումը: Իսկ առաջիկա մարտահրավերն է առողջապահական առաջնային օղակի աշխատանքի բարելավումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամփոփեց անցնող տարին և խոսեց առաջիկա ծրագրերից:

-Պարոն Ալթունյան, սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայությունների մատուցումն ապահովագրական դաշտ բերելն արդարացրե՞ց սպասելիքները, ի՞նչ առավելություններ և թերություններ ունի նոր համակարգը:

-Թե շահառուների, թե պետական օղակի պատասխանատուների կարծիքով, ծրագիրը հաջողվել է: Այն  նախաձեռնվել է՝ հաշվի առնելով սոցփաթեթի շահառուների բողոքները, որ փաթեթի գումարները վերջանում են, իրենց հաճախ հերթագրում են մյուս ամսվա կամ տարվա համար: Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 18-ը սոցփաթեթի շուրջ 31.400 շահառու  բժշկական օգնություն է ստացել պետության կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության միջոցով: Նրանցից 2075-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն, այդ թվում` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սրտի վիրահատություններ։ Նախորդ տարվա նույն ժամանակում դեպքերի քանակը մոտ 800 էր, սա նշանակում է, որ նոր մոդելի կիրառմամբ պայմանավորված՝ 3 անգամ աճել են վիրահատական դեպքերը: Նոր համակարգի չանցնելու դեպքում մոտ 1600 մարդու համար պետպատվերի գումարներն ավարտված կլինեին, և նրանք ստիպված կլինեին կամ սպասել, կամ էլ վճարել իրենց գրպանից: Յուրաքանչյուր դեպքի նկատմամբ հսկողություն են իրականացնում պետական առողջապահական գործակալությունը և համապատասխան ապահովագրական ընկերությունը։ Արդյունքում ապահովվում է պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև բժշկական ծառայությունների ժամանակին և պատշաճ մատուցումը: Ստացված արձագանքները խոսում են շահառուների գոհունակության մասին։

-Իսկ սոցփաթեթների ծառայությունների ընդլայնում առաջիկա տարում սպասվու՞մ է:

- Մենք միայն հաստատում ենք, որ տվյալ անձին պետք է հատկացվի տվյալ ծառայությունը: Եթե գումարի չափը ավելանա, ծառայությունների քանակը կավելանա նաև պոլիկլինիկական, միգուցե նաև ատամնաբուժական ծառայությունների գծով: Մենք հիմնվում ենք պետբյուջեից մեզ հատկացված գումարի վրա: Ցավոք, այսօր առողջապահության ոլորտը գումար չի գեներացնում:

-Այս տարի որոշ ծառայություններ օպտիմալացվեցին:  Ո՞ր օղակում ավելի շատ կրճատումներ ունեցանք: Օպտիմալացումն անդրադարձա՞վ, արդյոք, ծառայությունների որակի վրա:

-Հոգեբուժության ոլորտում, կարելի է ասել՝ կրճատում չեղավ: Նորքի հոգեբուժարանն ունի առավելագույնը մինչև 100 հիվանդ ընդունելու հնարավորություն, Ավանինը՝ 207, Նուբարաշենինը՝ 245:  Գործող հոգեբուժարաններում մեկ հիվանդին բաժին ընկնող օրական ծախսը ամենաբարձրը Նորքի հոգեբուժարանում էր։ Հոգեբուժարանը գործում էր 50-ական թվականներին կառուցված շենքում, որտեղ շենքային պայմաններն այնքան էլ հարմար չէին հիվանդներին պահելու համար: Արդյունքում ունեինք մոտ 3 անգամ ավելի շատ ծախս մեկ հիվանդի հաշվարկով, քան այլ կենտրոններում: Այդ պատճառով հիվանդներին տեղափոխեցինք ավելի հարմարեցված շենքեր: Օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից՝ 100 մլն-ը կհատկացվի Ավանի և Նուբարաշենի հոգեբուժարաններում առկա խնդիրների լուծմանը։ Մնացած 200 մլն-ից 100 մլն դրամը կհատկացվի հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն-ը` առողջապահական այլ ծառայությունների` մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը: Մենք կարծում ենք նաև, որ պետք է օպտիմալացնել այն ծննդատները, որում ծնունդները տարեկան չեն հասնում 100-ի:

-Նշել էիք, որ բյուջեի  ավելացում է սպասվում 2.5 մլրդ-ով, ինչպե՞ս և ինչի՞ն է ուղղվելու այդ գումարը:

- Ավելացումը եղավ ոչ թե բյուջեի հատկացումների, այլ մեր որոշ ծրագրերի օպտիմալացման հաշվին: Հին ծրագրերից ունենք 2.5 մլրդ ավելացված գումար, որն ուղղեցինք այլ ծրագրերի: Այն ուղղել ենք առաջնային օղակին, սրտի անհետաձգելի ստենտավորման ծրագրի ընդլայնմանը, առողջ ապրելակերպը զարգացնելուն: Կարծում եմ՝ մոտ 30 տոկոսով կավելացնենք սրտի ստենտավորումների թիվը: Ներկայումս սպասարկում ենք միայն սուր դեպքերը, երբ ինֆարկտն արդեն զարգացել է: Կարծում եմ՝ հավելյալ գումարների շնորհիվ մենք հնարավորություն կունենանք սոցիալապես անապահով խմբերին այդ ծառայությունը մատուցել նաև նախքան ինֆարկտային շրջանին հասնելը:

-Էլեկտրոնային առողջապահական համակարգն այժմ ո՞ր փուլում է:

-Էլեկտրոնային համակարգը պետք է հասանելի լինի ցանկացած հիվանդի և բուժաշխատողի համար: Մենք պետք է հիվանդանոցները հագեցնենք մի քանի համակարգիչներով, որպեսզի սպասարկվող հիվանդների մասին ամենօրյա հաշվետվություն ունենանք: Նախկինում այդ աշխատանքը կատարվում էր մեկ այլ համակարգի միջոցով, և հաշվետվությունները ստացվում էին տարին մեկ անգամ: Նախարարությունն ու պետական առողջապահական գործակալությունն իսպառ զրկված էին գումարների հասցեականությունը հսկելու հնարավորությունից: Մայիսից պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունները ֆինանսավորվում են ըստ էլեկտրոնային համակարգում արված գրանցումների և հաշվետվությունների: Ստեղծվել է պետական պատվերի շրջանակում բժշկական հաստատությունների ամսական բյուջեների արտացոլման և կատարողականի վերահսկման մեխանիզմ: Այսօր 400-ից ավելի բուժհաստատություն  ծառայություններ է մատուցում պետպատվերի շրջանակում: Մոտ 1000 օպերատոր ծառայությունները մուտքագրում են համակարգ։ Մեր նպատակն է մինչև 2018-ի վերջ ունենալ 16 000 օպերատոր՝ ի դեմս բժիշկների, բուժքույրերի և դեղատների աշխատակիցների:

Էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվել է Երևանի շտապօգնության ծրագրային համակարգը, ինչն ապահովում է շտապօգնության այցերի ավտոմատ գրանցումը էլեկտրոնային համակարգում: Բժշկական հաստատություններին համակարգչային տեխնիկա տրամադրելու նպատակով համակարգչային տեխնիկայի գնման մրցույթ է հայտարարվել։

-Բուժհաստատությունների վերանորոգում, սարքերով համալրում, բուժաշխատողների վերապատրաստումներ ակնկալվու՞մ են հաջորդ տարի:

- Այո, համաշխարհային բանկի ծրագրերը շարունակվում են: Ընթացքում են Արտաշատի և  Սևանի ԲԿ-ների հիվանդանոցային մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները: Առաջինի ավարտը նախատեսվում է 2018 թ. օգոստոսին, Սևանինը` 2018 թ. սեպտեմբերին։ Վանաձորի բժշկական կենտրոնի  հագեցման նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումները և կահույքը  մատակարարվել են: Դրանք կմոնտաժվեն և կտեղադրվեն կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտից հետո, ինչը նախատեսվում է 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Այսօր նախարարությունում մշակվում են մի քանի ուղղությունով ռազմավարական ծրագրեր, որոնցում մեծ տեղ կհատկացնենք մարդկային պոտենցիալի աճին և հետդիպլոմային շարունակական մասնագիտական զարգացմանը: Կարծում եմ՝ 2019-ի բյուջեում մեծ գումարներ կունենանք այդ նպատակին հատկացված: Մասնագիտական վերապատրաստումներ կկազմակերպվեն ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բազաներում: Կլինեն նաև շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) տարբեր միջոցառումներ` գիտաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր, առցանց կրթություն և այլն:

-Այս տարի մայրական մահացության ցուցանիշն էականորեն նվազել է, ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ, ի՞նչն է նպաստել :

-Մայրական մահացության ցուցանիշի նվազեցման նպատակով աշխատանքները տարվել են տարբեր ուղղություններով։ Նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ իր ղեկավարած ինստիտուտում կազմակերպվել է հանրապետության բոլոր մարզերի 196 մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքների գնահատման թեստավորում։ Արդյունքները գոհացուցիչ են, նրանցից միայն 23-ն է կրկնակի թեստավորում անցել։  Կազմակերպվել են նաև մանկաբարձության արդիական հարցերին նվիրված սեմինարներ, խորհրդատվություններ։ Արդյունքները մենք տեսնում ենք: Նաև վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բազայի վրա կազմակերպված արագ արձագանքման ծառայությունը մարզերում ծանր դեպքերի առկայության ժամանակ օգնություն է ցուցաբերում տեղերում կամ տեղափոխում  նեղ մասնագիտական կլինիկաներ։

- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ծխելու դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ, ո՞ր փուլում ենք:

- «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը» ՀՀ կառավարության հավանությանն  է արժանացել 2017 թվականի օգոստոսին: ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է կարծիքի շահագրգիռ գերատեսչություններ և ներկայումս գտնվում է ամփոփման փուլում: Նախագծի փաթեթում ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում, սահմանվում է «փակ տարածքներ» հասկացությունը։ Բացասական կարծիք գրեթե չկա, և շուտով փաթեթը կուղարկվի կառավարություն:

-Այս տարվա ամենաքննարկվող թեման պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ներդրումն էր: Նախարարությունը պատրա՞ստ է դիմակայել մարտահրավերներին թե քարոզչական, թե գործնական տեսանկյունից:

-Մենք նախատեսում ենք բացատրական աշխատանք բժիշկների, ծնողների, ուսուցիչների հետ: Հարցումները ցույց են տալիս, որ ուսուցիչների, ծնողների համար գնահատելի է տեղամասային մանկաբույժի կարծիքը: Մենք աշխատանք ունենք կատարելու հենց այս ուղղությամբ: Պատվաստման շնորհիվ հնարավորություն ունենք 15 անգամ նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը: Մենք վճռական ենք աշխատանքը ավարտին հասցնելու գործում: Համոզված եմ, որ մեր ժողովրդի ռացիոնալ մտածելակերպը կհաղթի:

-Այս տարի համակարգում որպես երեք կարևորագույն ձեռքբերումներ ու բացթողումներ որո՞նք կնշեք:

-Կարևոր ձեռքբերումն էր սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 612 հազար քաղաքացու՝  պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության ու սպասարկման  կազմակերպման համար նախապայմանների ստեղծումը և աշխատանքներն այդ ուղղությամբ: Մյուս հաջողված նախագիծը գործելակարգերի և ուղեցույցների մշակումն ու ներդրումն է: Մենք նախատեսում ենք 1000 գործելակարգ և ուղեցույց:  2017 թ. համար նախատեսված 300-ն արդեն թարգմանված և տեղայնացված են, գտնվում են հաստատման փուլում: Հաստատումից հետո դրանք կթվայնացվեն և հրամանով կյանքի կկոչվեն: Հայաստանյան բոլոր հիվանդները Երևանում, թե հեռավոր մարզում, պետք է բուժվեն այդ ուղեցույցներով: Հաջողված է նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: Հաջողված ծրագրերի ցանկում կարելի է նշել նաև հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիրը, կուրությունը կանխարգելող կատարակտի անվճար վիրահատության ծրագիրը, որի շրջանակում երեք տարում 3000 մարդ կվիրահատվի։

Դեռևս չլուծված հարցերից, թերևս, նշեմ ադմինիստրատիվ ոլորտը մասնագետներով հագեցնելը:

-Ի՞նչ մարտահրավերներ ունի ոլորտն առաջիկա տարում, որո՞նք  են 2018-ի առաջնային ծրագրերը:

-Առաջնային օղակի աշխատանքի բարելավում կլինի, կփոփոխվեն չափորոշիչները: Բոլոր բարեփոխումները կապված են մարդկանց՝ և՛ բժիշկների, և՛ հիվանդների վարվելակերպի փոփոխման հետ: Մոտ 16 000 բուժաշխատողներ և դեղատների մոտ 4000 աշխատակիցներ պետք է կատարելագործվեն էլեկտրոնային առողջապահության ոլորտում, պետք է ձեռք բերեն գործելակարգերի հետ աշխատանքի հմտություններ: Մեր հիմնական աշխատանքը կլինի նախագծելը և վերահսկելը:  Արդեն սկսված ծրագրերն այնքան հագեցած են, և դրանք շարունակվելու են առնվազն 3 տարի ևս: Արդյունքում՝ յուրաքանչյուր տարին կբերի բարելավման նոր մակարդակ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ