Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ

ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ 
փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 14-ին այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ ուրախալի է լսել  Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հունաստանի ու Կիպրոսի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված այս գեղեցիկ գործակցության մասին, որն ուղղված է երեք երկրների սփյուռքների  միջև աշխատանքներ իրականացնելուն: Ճակատագրի բերումով մեր ժողովուրդները հարկադրված են եղել  հեռանալ իրենց պատմական հայրենիքից և ապաստան գտել այլ երկրներում և շնորհիվ տվյալ երկրների հոգատար վերաբերմունքի՝ կազմակերպել են իրենց համայնքները, ազգային, հոգևոր, մշակութային կյանքը: Հայ առաքելական եկեղեցին և հունաց եկեղեցին սերտ համագործակցում են միմյանց հետ սփյուռքյան համայնքներում, և համայնքների միջև հարաբերությունները բարձր հարթության վրա են»: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցին և հույն եկեղեցին հաստատակամորեն կնպաստեն այս համագործակցության զարգացմանը, և երեք ժողովուրդների հանդեպ անարդար դրսևորումները միջազգային հարթակում կհասնեն ճշմարտացի ընկալման:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար: «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագիր է  ստորագրվել դեռևս այս տարվա հունիսին: Վաղը Սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագիր կստորագրվի նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մենք ևս մեկ անգամ հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր երկրների սփյուռքներին համախմբել, և հիմա այստեղ Ձեր օրհնությունն ենք խնդրում»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը շեշտեց, որ քրիստոնեությունը և եկեղեցին կարևոր կամուրջ են յուրաքանչյուր համագործակցության համար և մեծապես կնպաստեն երեք երկրների սփյուռքների միջև հարաբերությունների սերտացմանը: Տերենս-Նիկոլաոս Քուիքը խոսեց նաև հայ և հունական եկեղեցիների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:

Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն իր խոսքում նշեց, որ  Կիպրոսի հայ համայնքն աչքի է ընկնում  կազմակերպվածությամբ, և կիպրական կառավարությունը փորձում է համայնքին օգնել բոլոր բնագավառներում: «Մեր երկրները ունեն ընդհանուր նպատակներ, ցանկություններ ու պատմություն: Մենք միավորում ենք մեր ջանքերը, ազգային շահերը, և հայկական, կիպրական ու հունական սփյուռքները միջոց են մեր նպատակներին հասնելու համար»: Այդ ճանապարհին Ֆոտիս Ֆոտիուն անփոխարինելի համարեց եկեղեցու օգնությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կատարած աշխատանքների և ներդրած ջանքերի համար:

Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարան»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]