Մանկական բեսթսելեր 4/20. «Ինչպես ծաղկեց գազարը», «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» գրքերը սիրվել են փոքրիկների կողմից
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Առաջին հորիզոնականում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը երկրորդ տեղում են: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Երրորդ տեղում «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:
Չորրորդ հորիզոնականում դանիացի գրող, բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնց զգալի մասն էկրանավորվել է:
Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն է: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում, որը վեցերորդն է:
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցրել Ջ.Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
«Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» գիրքը վերադարձել է մեր ցանկ և զբաղեցրել ութերորդ տեղը: Հեղինակը Ջերոնիմո Ստիլտոնն է: Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ:
Իններորդ տեղում է Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը: Այն արջուկի մասին է, որն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում »,- տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:
Տասներորդ տեղում Ուրլիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» գիրքն է: Աստված էլի դժգոհ է աշխարհից, մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
|
Գիրք | Հրատ. | Քանակ | ||
1 | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 67 | ||
2 | Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 52 | ||
3 | «Հայ ժողովրդական հեքիաթներ» | Հաշ ընդ Հաշ | 35 | ||
4 | Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Հաշ ընդ Հաշ | 28 | ||
5 | «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 28 | ||
6 | «Հեքիաթներ տղաների համար» | Բուկինիստ | 27 | ||
7 | Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 23 | ||
8 | Ջերոնիմո Ստիլտոն «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» |
Զանգակ | 20 | ||
9 | Կատարինա Մացուրովա «Ինչպես ծաղկեց գազարը» |
Զանգակ | 10 | ||
10 | Ուրլիխ Հուբ «Տապանի մոտ ժամը ութին» |
Զանգակ | 10 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում