Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում հավաքվել է առաջին էլեկտրական շարժիչով և ինքնավար մեքենան

Հայաստանում հավաքվել է առաջին էլեկտրական շարժիչով և ինքնավար մեքենան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ արտադրվել է էլեկտրական շարժիչով և ինքնավար ավտոմեքենա: Մեքենան ցուցադրության է ներկայացված «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում: Մեքենան արտադրվել է National instruments ընկերության և հայ մասնագետների ջանքերով. այն նախագծել և ստեղծվել է անհատ ձեռներեց, մասնագիտությամբ ճարտարագետ Դավիթ Գևորգյանի կողմից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ճարտարագետ Դավիթ Գևորգյանն ընդգծեց, որ ստեղծված մեքենան ինքն արդեն երկու տարի է վարում է Երեւանում: «Էլեկտրական մեքենան ստեղծվել է սովորական մեքենայի կառուցվածքի վրա, որը սակայն աշխատում է միայն էլեկտրականությամբ: Որոշ հանգույցներ ներմուծվել են, որոշները՝ Հայաստանում են պատրաստվել: Օրինակ՝ լիցքավորման համակարգը, արգելակման համակարգի որոշ հանգույցներ Հայաստանում են արտադրվել, իսկ մարտկոցներն ու շարժիչը ներմուծվել են: Էլեկտրական ավտոմեքենան հավաքվել է 4-6 ամսում՝ չհաշված մեքենայի մասերի ներմուծման ժամանակահատվածը»,- ասաց Գևորգյանը:

Մեքենան վաճառքի ենթակա չէ, սակայն ցուցահանդեսում ներկայացնելու նպատակն այն է, որ կազմակերպվի մեքենայի մասշտաբային արտադրությունը: Էլեկտրոմոբիլի ինքնարժեքը մոտ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է` ներառյալ որպես հիմք ծառայած մեքենայի գինը:

Մեքենայի առանձնահատկությունն այն է, որ այն զրոյից չի պատրաստվել, այլ պատրաստի մեքենայի բազայի վրա է հավաքվել: Շահագործվող մեքենայի վրա տեղադրվել է էլեկտրական համակարգ: «Կարող ենք ցանկացած մեքենա վերցնել և այն վերածել էլեկտրական մեքենայի, քանի որ դա ավելի հեշտ է և քիչ ծախսատար: Կոնկրետ այս նմուշի վրայի մարտկոցների լիցքավորման ժամանակը` անկախ մարտկոցների քանակից, 2-3 ժամ է: 2 ժամն արագ լիցքավորումն է, 3 ժամը՝ նորմալ լիցքավորումը: Իր եղած մարտկոցներով շահագործվում է մինչև 50 կիլոմետր, բայց այս մոդելի վրա պետք է լինի 4 անգամ ավելի շատ ճանապարհ անցնելու համար նախատեսված մարտկոց: 200 կիլոմետր պետք է լինի»,- ասաց Դավիթ Գեւորգյանը:

National Instruments կազմակերպության ներկայացուցիչ, համակարգային ինժեներ Գուրգեն Մարդոյանն ընդգծեց, որ մեքենայի վրա կան հանգույցներ, որոնք ապահովում են դրա ինքնավարությունը: «Ինքնավար լինելու հանգույցներն են ռադարը, տեսախցիկը, բորտ-համակարգիչը, որը որոշում է, թե մեքենան ինչ գործողություն պետք է անի առանց վարորդի միջամտության: Կոնկրետ ցուցահանդեսում մենք ներկայացնում ենք ինքնուրույն արգելակելու հնարավորությունը: Այսինքն՝ ռադարի միջոցով մեքենան ինքնուրույն արգելակում է վտանգի դեպքում: Այս հատվածները մշակել ենք հայկական կազմակերպությունների հետ փոխգործակցությամբ: Ապագայում մենք ավելացնելու ենք ղեկի ինքնավար պտտման համակարգը էքստրեմալ իրավիճակներում»,- ասաց Մարդոյանը:

Նա հավելեց, որ սարքավորումների մի մասը գնվել է, բերվել է դրսից, իսկ մյուս մասն էլ նախագծվել և արտադրվել է Հայաստանում: «Բայց ընդհանուր համակարգն ամբողջովին հավաքվում է Հայաստանում»,- մանրամասնեց նա:

Գուրգեն Մարդոյանը համոզված է, որ Հայաստանը կարող է էլեկտրական շարժիչով մեքենաների մասշտաբային արտադրություն սկսել: «Ես կարծում եմ, որ  հիմա մեքենաշինության ոլորտում հեղափոխություն է: Որոշ հսկա կազմակերպություններ արդեն երբեմն չեն հասցնում, սակայն նոր կազմակերպությունները, որոնք նորություն են արտադրում, առաջ են անցնում: «Տեսլա»-ն ասածիս վառ օրինակն է»,- ասաց նա:

Մարդոյանը շեշտեց, որ իրենք փնտրում են ֆինանսավորողներ, որպեսզի կարողանան մասշտաբային արտադրություն սկսել` ընդգծելով, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են և որոշակի հույսեր ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]