1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաքվի բանտում հարձակվել էին Լապշինի վրա. բլոգերը հերքել է ինքնասպանության փորձի մասին լուրերը

 Բաքվի բանտում հարձակվել էին Լապշինի վրա. բլոգերը հերքել է ինքնասպանության 
փորձի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու հետո ուղիղ չվերթով տեղափոխվել էր Թել Ավիվ, հերքել է լուրերն այն մասին, թե բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

Բլոգերը հայտնել է, որ բանտում, որտեղ պահվում էր, նրա վրա հարձակվել են այլ ազատազրկվածներ: Նա ակնարկել է, որ իրականում Ալիևի կողմից իրեն ներում շնորհելու քայլն իր հանդեպ անօրինականություններից հետո Բաքվի կողմից երկրի հեղինակության բարձրացմանն ուղղված քայլ էր:

«Ես ինքնասպանության փորձ չեմ ձեռնարկել: Բաքվի բանտում հայտնվելու հենց ամենասկզբից այլ ազատազրկվածներից սպառնալիքներ եմ ստացել: Չնայած նրանք ինձ մեկուսացված էին պահում, չէր լինում խուսափել մյուսների հետ ճանապարհներին խաչվելուց:

Ինձ հարցաքննել են Ռուսաստանի անվտանգության և Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ՝ հակաադրբեջանական թշնամական համագործակցության թեմայով: Դա բացարձակ անհեթեթություն էր, սակայն հենց դա էր նրանց հետաքրքրում»,- ասել է բլոգերը:

Նա պատմել է, որ օրեր առաջ նրա բանտախուց են տեղափոխել ևս մեկին: «Երկու օր անց ես արթնացա Բաքվի հիվանդանոցի շտապ բուժօգնության սենյակում՝ վնասված պարանոցով, պարանոցի վրա խեղդելու հետքերով, կոտրված ատամներով: Այդ միջադեպից անմիջապես հետո ինձ ներում շնորհվեց»,- նշել է Լապշինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:

Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտնել էր, թե նախքան ներում ստանալը՝ սեպտեմբերի 10-ին, բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ  281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]