1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի հարցը ՄԻԵԴ-ում քննարկումից հետո կտեղափոխվի քաղաքական հարթություն. Կոստանյան

Արցախի հարցը ՄԻԵԴ-ում քննարկումից հետո կտեղափոխվի քաղաքական հարթություն. 
Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների  ընթացքում առաջին ձևաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը:

 Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: «Այս պահին ՄԻԵԴ-ում բավական վճռական փուլ է սկսվել, քանի որ այնտեղ կան թե ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայցը, թե Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցը։ Այդ հարցերի շրջանակում մենք քննարկում ու ներկայացնում ենք բոլոր այն փաստարկները, որոնք, ըստ էության, հիմնավորում են, որ Արցախի Հանրապետությունը ունի պետությանը վերաբերող ու պետությանը բնութագրող բոլոր հատկանիշներն անխտիր։ Սա իր ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հետևանքն է ունենում ։ Ինչո՞ւ։ Որովհետև Եվրոպական դատարանի վճիռները կատարվում են Եվրոպայի խորհրդի  նախարարների կոմիտեի կողմից, իսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կոստանյանը:

Կոստանյանը հիշեցրեց, որ ինքը ԵԽ նախարարների կոմիտեում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է և հավելեց, որ իրավական ընթացակարգերով քննարկումներից հետո հարցն անմիջապես կտեղափոխվի քաղաքական հարթություն, այսինքն՝ ԵԽ նախարարների կոմիտե։ «Այս աշուն և հաջորդ գարնանը բավականին ակտիվ փուլ ենք մտնում հենց այդ մարմիններում աշխատանքի համատեքստում և ավելի ուշ այդ հարցի հետ կապված մանրամասներ կներկայացնենք», - հավելեց պատգամավորը:

Կոստանյանը չբացառեց, որ այդ ճանապարհին կարող են խոչընդոտներ լինել:  «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մեր հարևան երկիրը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն է գործադրում ոչ միայն խոչընդոտելու, այլև հակառակ արդյունքներն ապահովելու համար։ Բայց ձեզ հիշեցնեմ մի քանի ամիս առաջվա դեպքը, երբ Նախարարների կոմիտեում քվեարկության դրվեց Չիրագովի և Սարգսյանի վերաբերյալ վճիռների կատարման վերաբերյալ Կոմիտեի որոշումը, և 36 պետություն պաշտպանեցին Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին կողմ էր միայն… Ադրբեջանը։ Անգամ Թուրքիան ձեռնպահ քվեարկեց։ Այսինքն՝ մենք շատ հետաքրքիր գործընթացի մեջ ենք ու անելու ենք առավելագույնը՝ անկախ նրանից, թե դիմացի կողմը ինչ չափով է խոչընդոտում», - ընդգծեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Հարցին, թե ի՞նչ գործընթացներ կան ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հայցերի մասով, Կոստանյանը պատասխանեց. «Այդ բոլոր հանցագործությունների հետ կապված՝ եվրոպական դատարան բազմաթիվ հայցեր են ներկայացված, և Հայաստանը՝ որպես երրորդ կողմ, ներգրավված է: Մեր հիմքերը բավականին անխոցելի են, ապացույցները՝ ամբողջական: Դրանք իրենց ամբողջության մեջ հիմնավորում են, որ ապրիլյան պատերազմի գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են ոչ միայն կյանքի իրավունքի դեմ, այլև խոշտանգումների, գույքի վնասման դեպքեր, այսինքն՝ մարդու իրավունքների խախտման մի ամբողջ համալիր»,- ասաց Գևորգ Կոստանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]