ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Հունիսի 20-ին նշվում էՓախստականներիհամաշխարհային օրը: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում ամեն տարի այս օրը կազմակերպվում են միջոցառումներ` մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրելով փախստականների խնդիրների վրա: «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն նաև տեսանյութեր: Փախստականներ և տեղահանված անձինք նույնպես ներկա կլինեն միջոցառմանը:
«Մեր Գյուղը» խորագրով նախագիծ- առաջարկությունն իրականացնելու և փառատոնի անցկացման հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն կազմակերպում է հանդիպում նախագծի հեղինակների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առաջարկվում է 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Երևանում կազմակերպել փառատոն, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, անհատ ձեռնարկությունները, փոքր և միջին արտադրողները:
Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կանդրադառնա Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական զարգացումներին:
ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկման օրակարգում Երևանի տրանսպորտային կոմունիկացիաների զարգացման հեռանկարներն են: Այսօր սպասվող նիստում հանձնաժողովի անդամները կանդրադառնան նաև հանքահումքային արդյունաբերության զարգացման արդյունավետության բարձրացման հարցին:
«Զվարթնոց» օդանավակայանում այսօր վայրէջք կկատարի Եգիպտոսից դեպի Երևան առաջին կանոնավոր չվերթը: Եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։ Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթներ կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին չվերթով Հայաստան կժամանեն Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր: Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, այլ պաշտոնատար անձիք:
Լույս է տեսել «Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը կներկայացնեն ուղեցույցը:
Մարզական անցուդարձից: Հիմնվել է «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության համահիմնադիրները` Սլավա Սարգսյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Յուրա Մամիկոնյանը, Սամվել Ղասաբօղլյանը կներկայացնեն կազմակերպության ստեղծման նպատակն ու առաջիկա անելիքները:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում: