Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հուլիս, 2024

10 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հուլիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հուլիսի վաճառքների հիման վրա: 

Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքը առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։ 

Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյոք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին, նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում.. 

Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։

Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ  գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։

Նիթա Փրոուզի «Աղախինը» երրորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։

Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը չորրորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:

Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» հինգերորդ տեղում է։ Բարի վերադարձ, Բեյվյու: Ավագ դպրոցի աշակերտ Սայմոնի մահից հետո քաղաքամերձ ավանը փորձում է անցնել բնականոն կյանքի: Սակայն մղձավանջն անսպասելիորեն վերադառնում է նորովի: Անհայտ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ներքաշում է «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղ: Ժամերի ընթացքում հաջորդ զոհը պետք է պատասխանի՝ ինչ է ընտրում. ճշմարտությո՞ւնը, որի դեպքում ավագ դպրոցի բոլոր սովորողներն իմանում են խաղացողի ամենամութ և ամոթալի գաղտնիքը, թե՞ փորձությունը, որի դեպքում խաղացողը պետք է կատարի չափազանց վտանգավոր առաջադրանքը: «Մեզնից մեկը ստում է» թրիլլերի շարունակությունում հերոսները պետք է պարզեն՝ իրենց մեջ ով է հաջորդ զոհը:

Վեցերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» յոթերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։ 

Ագաթա Քրիստիի «Կարիբյան գաղտնիքը» ութերորդն է։ 1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս:

Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամենը ժամանակավոր ստվեր է գցել հանգստացողների միապաղաղ առօրյայի վրա: Սակայն միսս Մարփլին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մայորի մահվան հետևում սոսկալի գաղտնիք կա, և նա ամեն ինչ կանի, որ բացահայտի այն: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» իններորդ տեղում է։ Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է:

Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Տասներորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:

 ՏեղՓոփ․Գիրք Հրատ․Քանակ
10Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով»Դավինչի181
20Քրիս Յուան, «Տան որսը» Դավինչի93
30Նիթա Փրոուզ, «Աղախինը»Դավինչի86
40Ալեքս Մայքլիդիս, «Ցասում»Newmag81
5*Քարեն Մակմանուս, «Մեզնից մեկը հաջորդն է»Newmag65
6-1Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»Զանգակ63
7*Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը»Newmag48
8*Ագաթա Քրիստի, «Կարիբյան գաղտնիքը» Էդիթ Պրինտ40
9-2Ագաթա Քրիստի, «Լուռ վկան»Էդիթ Պրինտ34
10-2Ջոջո Մոյես, «Ես մինչ քեզ»Զանգակ29

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում