Պատմության գանձերը. Ք.ա. 8-րդ դարին թվագրվող բրոնզե թասերը՝ ուրարտական ժամանակաշրջանի մետաղագործության զարգացման ապացույց
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրարտական բրոնզե թասերը հայտնաբերվել են 1949 թվականին` Կարմիր բլուր հնավայրի պեղումների ժամանակ և թվագրվում են Ք.ա. 8-րդ դարով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը նշեց, որ թասերը պատրաստված են բարձրորակ բրոնզից: 97 բրոնզե թաս հայտնաբերվել է Կարմիր բլուր հնավայրի տարածքում պեղված հսկայական կարասներից մեկից:
Մասնագետը նշեց՝ թասերից 40-ը պահպանել են իրենց նախնական բրոնզին հատուկ ոսկե գույնը, ինչպես նաև փայլը և մաքուր ձայնը: «Միանշանակ կարելի է ասել, որ սրանք ուրարտական մետաղագործության իսկապես շատ յուրահատուկ նմուշներից են»,-ավելացրեց Աստղ Պողոսյանը:
Ըստ մասնագետի՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս թասերը համաժամանակյա չեն, որովհետև տարբերվում են ինչպես պատրաստման գործընթացով, այնպես էլ մետաղի բաղադրությամբ:
«Բացի դա, թասի ներսում` հատակի վրա, կա մեկ տող սեպագիր գրություն, որտեղ նշված է այն արքայի անունը, ում օրոք այն պատրաստվել է՝ Մենուա, Արգիշտի, Սարդուրի կամ Ռուսա: Արձանագրությունն արված է խորը փորագրությամբ և շրջանաձև բոլորված, հատակի կենտրոնում պատկերված է դեպի ձախ նայող առյուծի կիսադեմ: Առյուծի գլխի վրա «աշտարակ՝ վրան ծառ» հիերոգլիֆ նշանը»,-ասաց Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչը:
Մասնագետն անդրադառնալով թասերի կիրառությանը՝ նշեց, որ դրա վերաբերյալ բավականին կարծիքներ են հնչել, բայց այսօր միանշանակ չենք կարող ասել, թե կոնկրետ ինչի՞ համար են դրանք կիրառվել: Միանշանակ է միայն այն, որ դրանք ունեցել են հստակ արարողակարգային նշանակություն, այսինքն՝ նախատեսված չեն եղել առօրյա կիրառության համար:
«Թասերն ընդհանրապես խոսում են ուրարտական ժամանակաշրջանում գեղարվեստական մետաղագործության բարձր մակարդակի և վերելքի մասին: Եվ այն փաստը, որ այսպիսի թասերը կիրառելի են եղել Մենուաից մինչև Ռուսա արքաները և հայտնաբերվել են հենց Թեյշեբանի ամրոցում, բացահայտում են ամրոցի բացառիկ նշանակությունն ու կարևորություն մ. թ. ա. 8-7-րդ դարերում»,-եզրափակեց մասնագետը: