Կրթություն

Ագրարային համալսարանում կարծում են, որ ԿԳՄՍ նախարարության հաստատած նոր կարգով դիմորդների թիվը շեշտակի կաճի

5 րոպեի ընթերցում

Ագրարային համալսարանում կարծում են, որ ԿԳՄՍ նախարարության հաստատած նոր կարգով դիմորդների թիվը շեշտակի կաճի

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կարևոր ու առանցքային են համարում ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված նոր կարգը, որի համաձայն՝ արհեստագործական և միջին մասնագիտական պետական և հավատարմագրված ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագիտություններով շրջանավարտներն առանց քննության կընդունվեն բուհի բակալավրիատի առաջին կուրս։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը նկատեց, որ վերջին տարիներին երիտասարդության շրջանում  ագրարային մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության պակաս է նկատվում։ 

Խնդիրը նա պայմանավորեց այս մասնագիտություններին բնորոշ դժվարություններով, ինչպես նաև գյուղական բնակավայրերից դուրս ավելի հեշտ ու եկամտաբեր աշխատանք գտնելու՝ երիտասարդության ձգտմամբ։ 

«Ցանկացած ոլորտ չի կարող բնականոն զարգացում ունենալ առանց մասնագետների պահանջարկի լրացման։ Այդ առումով պետք է կարևորվի ագրարային ճյուղի մասնագետների պատրաստումն ու համալրումը։

Այս խնդրի մեղմման ուղղությամբ վերջին տարիներին որոշակի քայլեր ձեռնարկվել են։Այս տարի առանքային փոփոխություն տեղի ունեցավ․ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջանքերով և համատեղ աշխատանքի արդյունքում նախարարի հրամանով կարգ է հաստատվել, ըստ որի՝ արհեստագործական և միջին մասնագիտական պետական, հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնք ունեն գյուղատնտեսական և հարակից ոլորտների մասնագիտություն, կարող են ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակալավրի ուսումնական ծրագրի առաջին կուրս՝ առանց քննություններ հանձնելու»,-ասաց Ծպնեցյանը։

Նրա խոսքով՝ անցած տարի նման կարգ գործում էր միայն հեռակա ուսուցման համար։ 

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության ու հարակից ոլորտների մասնագիտություններով շրջանավարտներին առանց քննության ագրարային համալսարանի բակալավրիատի առաջին կուրս ընդունելու նոր կարգը կվերաբերի նաև Համալսարանի՝ Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերին։

Ընդհանուր առմամբ՝ այդ ծրագրի շրջանակներում հատկացված  է 490 տեղ, որից 85-ն առկա ուսուցման համակարգի համար, որից էլ 50-ը՝ «Անասնաբուժություն», 35-ը՝ «Ճշգրիտ գյուղատնտեսություն»։

Հեռակա ուսուցման համակարգով էլ նախատեսված է 14 կրթական ծրագիր, որոնք ներառում են մասնավորապես այնպիսի կարևորագույն մասնագիտություններ, ինչպիսիք են ագրոնոմիան, սելեկցիա-գենետիկան, բույսերի պաշտպանությունը, ջերմատնային ագրոտեխնոլոգիան, տրանսպորտային լոգիստիկ համակարգերը, մեքենասարքավորումների ճարտարագիտությունը, հողային-ջրային ճարտարագիտությունը, պարենամթերքի տեխնոլոգիան և այլն։  

«Ներկայում նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է առկա ուսուցման համակարգում բակալավրիատի ուսանող առաջին կուրսեցիների համար կրթաթոշակ՝ ամսական 70 հազար դրամի չափով, իսկ հետագա կուրսերում կրթաթոշակը կախված է լինելու առաջադիմության մակարդակից»,-հայտնեց պրոռեկտորը։ 

Մինչ այդ՝ նա չի բացառում արդեն իսկ հաստատված նոր կարգի շնորհիվ ագրարային մասնագիտություններով դիմելիության եռակի աճը։ 

Անդրադառնալով վերջին 3 տարիներին Ագրարային համալսարան դիմողների թվերի համեմատականին՝ Ծպնեցյանը տեղեկացրեց, որ առկա ուսուցման համակարգով 2022 թվականին դիմորդների թիվը եղել է 200, որից քննությունների անցողիկ շեմը հաղթահարել է 40-ը, 2023-ին դիմորդները 167-ն են եղել, որից՝ հաղթահարել է 60-ը, իսկ ընթացիկ տարում 139 դիմորդից անցողիկ շեմը հաղթահարել է 62-ը։ 

«Համալսարանը, նպատակ ունենալով աշխատաշուկայի պահանջներին համահունչ որակյալ մասնագետների պատրաստումը, վերջին տարիներին ստեղծել է հինգ տասնյակից ավելի ենթակառուցվածքներ, որոնք բոլորն էլ նորագույն տեխնոլոգիաների հենքի վրա են։ Ունենք տարբեր լաբորատորիաներ՝ շոկոլադագործության, գարեջրի, խմորման, ինչպես նաև ավարտական փուլում են մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների վերամշակման լաբորատորիաները։ Բացի այդ, գործում են նաև 3 գիտական և 5 հետազոտական կենտրոններ»,-ընդհանրացրեց Ագրարային համալսարանի պրոռեկտորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում