Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ն նախատեսում է 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը. 33-ից 8-ի գործունեությունն արդեն դադարեցվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն նախատեսում է 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը. 33-ից 8-ի գործունեությունն արդեն դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում 2024 թ. ընթացքում նախատեսվում է 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, բարեփոխման նպատակը առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր (ՁՊՎ) ունենալն է, իսկ խնայված գումարով համակարգը կբարելավվի:

«Ստորաբաժանումները պետք է պարտադիր համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Ձերբակալվածներին պահելու այն վայրերը, որտեղ առավել քիչ անձինք են պահվել, մյուս կողմից՝ այն ստորաբաժանումները, որոնք չունեն բարվոք կահավորանք կամ պայմաններ, որոշում է կայացվել դրանք կրճատել»,- ներկայացնում է ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը:

Ըստ աղբյուրի՝ 2022-2023 թթ. տվյալների ուսումնասիրության արդյունքում օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա են եղել անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը, կենսապայմանները, մոտակա վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից ութի գործունեությունն արդեն դադարեցվել է, իսկ առաջիկայում կդադարեցվի ևս մեկի գործունեությունը։

«Ուսումնասիրության արդյունքներով պարզել ենք, որ ոստիկանությունում գործող ոչ բոլոր ձերբակալվածների պահման վայրերն են աշխատում ամբողջ ծավալով, օրինակ՝ ձերբակալվածների պահման վայրեր ունենք, որտեղ տարեկան մեկ կամ երկու ձերբակալված է պահվում»,- նշում է Արմեն Մկրտչյանը։

Նշվում է, որ գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։

Նախարարությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվելու են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու համար լրացուցիչ օպտիմալացման կարիքներն ու ժամանակացույցը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում