ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքների։
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը առաջին տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Երկրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ն երրորդ տեղում է։ Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» չորրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը հինգերորդ տեղում է։ Այն կսովորեցնի լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:
Վեցերորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Ջոն Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» յոթերորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:
Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը ութերորդ տեղում է։
Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։
Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» գիրքը իններորդ տեղում է։ Նախագծերի կառավարման մասին կան բազմաթիվ ռեսուրսներ օտար լեզուներով, սակայն կարևոր է նախագծերի կառավարման մասնագիտական հիմքի ձևավորումը նաև հայերեն, ընդ որում՝ հայ հեղինակի մշակմամբ։ Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարևոր դեր է հատկացված անձնային հմտություններին։ Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններ և մոտեցումներ, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։ Իսկ բարձր օղակի ղեկավարները, ինչպես նաև ձեռնարկատերերը կստանան կարևոր գիտելիք՝ իրենց ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ աշխատելու համար։
Տասներորդ տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։ «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:
Տեղ | Փոփ. | Գիրք | | Հրատ․ | Քանակ |
1 | +3 | | Ջեյմս Քլիըր «Ատոմային սովորություններ» | Էդիթ Պրինտ | 92 |
2 | +4 | | Ջո Նավարո «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 87 |
3 | -2 | | Թովմաս Առաքելյան «Ճանապարհ» | Newmag | 81 |
4 | -1 | | Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 73 |
5 | -3 | | Բոդո Շեֆեր «Հաղթողների 30 օրենքները» | Դավինչի | 71 |
6 | * | | Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» | Անտարես | 71 |
7 | * | | Ջոն Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» | Դավինչի | 39 |
8 | -3 | | Էրիկ Բեռն «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ | Դավինչի | 35 |
9 | * | | Աստղիկ Սահակյան «Նախագծերի կառավարում» | Newmag | 34 |
10 | * | | Իլոն Մասկ «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» | Դավինչի | 30 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: