Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Աննա Դավթյան, «Զորա՛»

«Զորա՛»-ն պատերազմի մասին վեպ է՝ ծավալվող 2020 թվականի պատերազմից հետո ընկած տարիներին, և կնոջ պատերազմ՝ սեփական նամակ-օրակարգով։ Այն նաեւ «դետեկտիվ» վեպ է, ուր սպանողը սկզբից էլ հայտնի է։ «Զորա՛»-ն տարօրինակ սիրային վեպ է՝ սիրո ամենաահեղ պատմությունը, որ հանդիպել եմ հայ գրականության մեջ, որը չի ընթերցվում որպես սիրո պատմություն։ Մի մակարդակում այն տարօրինակ՝ իր ու զոհված սիրեցյալի անվերջ վերստեղծումն է, վերապրումը՝ անհնարին գորովով։ Միշտ երգվելը։ Այս առումով վեպը ողբ է՝ Ադամի ողբը, բայց նաեւ պատերազմով հատնած անցյալի ու ապագայի՝ Արցախի ողբը, եւ աշխարհի ողբը՝ գլոբալ տաքացումի ու միջուկային ձմեռվա սպասման մեջ։ Զորան մեզ սովորեցնում է՝ մահն Աստծո խոստումն է։ Մահվան աստղը՝ մեր կյանքի գագաթին։

Վեպի, պոեմի, առակների, ծիծաղի, հանրագիտարանային հոդվածների, նամակների, ֆեյսբուքյան գրառումների եւ հազար այլ լեզուներով, լեզու ստեղծելո՛վ՝ պատմողը տանում է սգո աշխատանքը եւ միաժամանակ զանցում է սուգը։ Ամեն ինչի փլուզումի միջով ու ընդդեմ՝ բարձրացող շուշվա արեւը, որը նման չի լինի որեւէ այլ արեւի՝ դրանից առաջ տեսնված։ Սա անպատմելի վեպ է։ Խմբագիր՝ Արթուր Միրզոյան։ Գիրքը լույս է ընծայել «Մետրո» հրատարակչությունը։ 

Թարգմանական գրականություն. Էրվե Լը Տըլյե, «Անոմալիա»

Էրվե Լը Տըլյեի 2020–ին լույս տեսած «Անոմալիա»–ն պոլիֆոնիկ վեպ է, որ կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլեր և գիտաֆանտաստիկական վեպ, որը տնտղում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր սահմանները։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Թարգմանիչ՝ Լուսինե Մուսախանյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. «Բյուրապատիկը. Հայ ժողովրդական հեքիաթներ. Առակներ. Զրույցներ»

Ընտրանին ներառում է Այրարատից, Լոռուց, Արցախից, Վան- Վասպուրականից, Մուշ- Բուլանըխից, Մուսա լեռից, Գեղարքունիքից և հայոց այլ ազգագավառներից գրառված հեքիաթներ, որոնցում դրվատվում են աստվածապաշտությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը, ժուժկալությունը, ծնողասիրությունն ու եղբայրասիրությունը, և պախարակվում են արծաթասիրությունը, նախանձը, ագահությունը, գողությունը, մեծամտությունը, ծուլությունը: Կազմեց՝ Քրիստինա Այվազյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում