«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները»
Տարածաշրջանում խնդիրները գրեթե չեն փոխվել։ Հավակնոտները գրեթե նույնն են։ Գրքի վերջաբանում Րաֆֆին, թեև թվում է` անուղղակի, ցույց է տալիս, թե որտեղ են մեր ձախողումները։ Պատմության հեղինակը հստակ աշխարհաքաղաքական դիրքորոշում ցույց չի տալիս, թեպետ ապրում էր Թիֆլիսում, որը Ռուսաստանի ենթական էր, սակայն այս գիրքը Թիֆլիսում տպագրվելուց հետո արգելվեց հասցնել գրավաճառներին։ Մեզանում առանձին գրքով կտպագրվի դեռ նոր։
«Խամսա» արաբերենից նշանակում է հնգյակ։ Գրքում ներկայացվում է Արցախի հինգ մելիքությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի պատմությունը։ Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը։
Թարգմանական գրականություն
Էմիլ Զոլա, «Խումարան»
Էմիլ Զոլան այս ստեղծագործությամբ ներկայացնում է իր ժամանակի աշխատավոր խավի սովորությունները, բարքերը՝ մասնավորապես վեր հանելով ակամա ստեղծված նրա արատները, բարոյական և ֆիզիկական տգեղ երևույթները։ Այս ամենով հանդերձ՝ Զոլան իր ընթերցողին սիրել է տալիս գլխավոր հերոսուհուն՝ Ժերվեզին, ատելությամբ լցնում է Լանթիեի և Վիրժինիի հանդեպ։ Հերոսների հոգեբանությունն այնքան նրբորեն է վեր հանում, որ ամենևին չի զգացվում, թե հեղինակը մտադրություն ունի բարոյախոսության դասեր տալու։
Վեպը՝ թերթոնների տեսքով, նախ լույս է տեսել լրագրերում և մեծ աղմուկ բարձրացրել թե՛ իշխանության, թե՛ քննադատների միջավայրում, քանի որ ուղղված էր Նապոլեոն III-ի երկրորդ հանրապետության դեմ, որ կեղեքում և շահագործում էր աշխատավորին։ Թարգմանությունը՝ Նվարդ Վարդանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Արփի Մաղաքյան, «Տիգրան Մեծի հեքիաթը»
Այս գրավիչ հեքիաթը պատմում է Տիգրան Մեծ թագավորի պատկերով հնագույն մետաղադրամի մասին, որն անսպասելի ճանապարհորդության է մեկնում Մեծ Հայքով մեկ։ Հեղինակը գունեղ և կենդանի կերպով նկարագրում է դրամի թափառումները` ընթերցողին տեղափոխելով դեպի հեռավոր ժամանակներ ու վայրեր։
Հեքիաթը ոչ միայն ծանոթացնում է ընթերցողին Տիգրան Մեծի ու հզոր Մեծ Հայքի պատմությանը, այլև ցույց է անցյալի ու ներկայի կապը, ինչպես նաև հայկական ինքնության և պատմության ժառանգը լինելու կարևորությունը։ Միաժամանակ, այն խորհրդածելու առիթ է տալիս ճակատագրի, մարդկանց ու իրերի մինչև եղած անտեսանելի կապի մասին։
Հեքիաթի վերջում դրամը վերադառնում է Հայաստան։ Այս ավարտը խորհրդանշում է տունդարձի գաղափարը։ Նաև հաստատում է այն ճշմարտությունը, որ հզոր Մեծ Հայքի և հաղթական Տիգրան Մեծի Տունը Հայաստանն է։ Հեղինակային հրատարակություն։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը