Տնտեսություն

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

8 րոպեի ընթերցում

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գյումրիում «չոր նավահանգստի» ստեղծումը կարող է կտրուկ խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը՝ նպաստելով ժամանակակից արդյունաբերական ներուժի և լոգիստիկայի ձևավորմանը, դրանով իսկ՝ տասնամյակների տնտեսական մեկուսացման վերացմանը: Հայաստանի տնտեսության վրա «չոր նավահանգիստ» նախագծի ակնկալվող ազդեցության և ընձեռող հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանի հետ:

- Ձեր գնահատմամբ, Շիրակի մարզում «չոր նավահանգստի» ստեղծումն ինչպիսի՞ նշանակություն կարող է ունենալ Հայաստանում լոգիստիկան զարգացնելու և տնտեսական աճը խթանելու առումով:

- Գաղտնիք չէ, որ տրանսպորտային և լոգիստիկ գործոնները զգալիորեն զսպում են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը: Այս առումով «չոր նավահանգստի» տեղակայման համար Շիրակի մարզի ընտրությունը պատահական չէ. տեղանքի ուղիղ հասանելիությունը դեպի երկաթուղիներ, Սև ծովին մոտ գտնվելը և Վրաստանին սահմանակից լինելն այն դարձնում են բնական տարածաշրջանային հանգույց:

Համաշխարհային բանկի հրապարակած Լոգիստիկ արդյունավետության համաթվով (Logistics Performance Index (LPI) Հայաստանը 2023 թվականին 97-րդ տեղում է եղել 160 երկրների շարքում: Լոգիստիկ արդյունավետության համաթվի 6 բաղադրիչներից Հայաստանում առավել խնդրահարույց են միջազգային բեռնափոխադրումները, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների որակը, կազմակերպությունների մատուցած լոգիստիկ ծառայությունների որակը, ինչպես նաև բեռների շարժին հետևելու հնարավորությունները: Արդյունավետ կառավարման դեպքում «չոր նավահանգիստը» կարող է բարելավել Հայաստանի ցուցանիշները վերոնշյալ բոլոր ուղղություններով: Իսկ լոգիստիկ գործընթացների բարելավումն ու ծախսերի կրճատումն անպայման կհանգեցնեն Հայաստանում տնտեսական աճի խթանմանը:

-«Չոր նավահանգիստը» կարո՞ղ է նպաստել Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացմանը: Ինչպե՞ս և ինչի շնորհի՞վ դա կարող է տեղի ունենալ:

- Փոքր տնտեսություն և սահմանափակ ներքին շուկա ունեցող երկրների համար կենսական նշանակություն ունի անխափան մուտքն արտաքին շուկաներ: Իսկ տրանսպորտային ենթակառուցվածքների թերզարգացվածությունն ու լոգիստիկ գործընթացների կազմակերպման անարդյունավետությունը զրոյացնում են երկրի մրցակցային առավելությունները, անգամ, եթե այն արտադրում է համաշխարհային շուկայում մրցունակ և կայուն պահանջարկ վայելող ապրանքների լայն տեսականի: Դեպի ծով ելք չունեցող և հարևան երկրների կողմից տևական տրանսպորտային շրջափակման ենթարկված Հայաստանի պարագայում այդ խնդիրն ավելի նշանակալի է դառնում:

Այս իմաստով, Շիրակում «չոր նավահանգստի» (Գյումրու լոգիստիկ կենտրոնի) ստեղծումն, ինչ խոսք, դրական կանդրադառնա բեռնման-բեռնաթափման և փոխադրվող բեռների մաքսային ձևակերպման գործընթացներին և ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհով Վրաստանի ծովային նավահանգստի հետ կապի ապահովման շնորհիվ կմեծացնի մատակարարման շղթաների առանձին օղակների արդյունավետությունը: Այդուհանդերձ, դա մեծապես կախված է տարանցման պայմաններից և մոտակա նավահանգիստների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների բնույթից: Օրինակ, Հայաստանի համեմատ՝ Ադրբեջանը 50 տոկոսով քիչ է վճարում Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածքներից օգտվելու համար: Դա արդեն տարանցման փուլում նվազեցնում է Հայաստանի մրցակցային հնարավորությունները:

Նշեմ նաև, որ Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացման նախադրյալ կարող է դառնալ Գյումրիի լոգիստիկ կենտրոնն ազատ տնտեսական գոտի դարձնելը և տեղում արտահանմանը միտված արտադրություններ հիմնելը:

- Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի բեռնափոխադրումների և առևտրաշրջանառության ներկայիս ծավալն ընձեռո՞ւմ է «չոր նավահանգստի» տնտեսական արդյունավետությունը, դրա պահանջվածությունը և հնարավոր եկամտաբերության աստիճանը գնահատելու հնարավորություն:

- Թեև 2023 թվականին բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 10 տոկոսով, այնուհանդերձ, ավտոմոբիլային բեռնափոխադրումներն աճել են շուրջ 8.7, իսկ օդային ճանապարհով իրականացվածները՝ ավելի քան 45 տոկոսով կամ 2.3 անգամ: Նախորդ տարի Հայաստանում ավտոմոբիլային տրանսպորտով է փոխադրվել բեռների 77.9 տոկոսը, իսկ երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումները 2022 թվականի համեմատ նվազել են՝ կազմելով 11.4%: 2023 թվականին օդային տրանսպորտին բաժին է ընկել բեռնափոխադրումների 18.3 տոկոսը:

Այսպիսով, վաղ է գնահատել «չոր նավահանգստի» տնտեսական արդյունավետությունը, դրա պահանջվածությունը և հնարավոր եկամտաբերության աստիճանը, քանի որ նախագիծը դեռևս գտնվում է քննարկումների փուլում և մի շարք մեկնարկային ու տեխնիկատնտեսական պարամետրեր հայտնի չեն:

- «Չոր նավահանգիստը» որքանով կարո՞ղ է նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճին և նոր արտադրություններ հիմնելուն:

- «Չոր նավահանգստի» և հատուկ տնտեսական գոտու գաղափարն ինքնին ենթադրում է տվյալ տարածքում օտարերկրյա ներդրումների կենտրոնացում, արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների, ինչու ոչ՝ նաև վերազգային կորպորացիաների ստորաբաժանումների հիմնում: Գրավիչ ներդրումային պայմանների ապահովումը, տեղական մատչելի աշխատուժի օգտագործման հեռանկարները կարող են նպաստել Գյումրիի լոգիստիկ կենտրոնում խոշոր արտադրություններ հիմնելուն և լուրջ նախադրյալ դառնալ Հայաստանի տնտեսության աճի և զարգացման համար:

- Ինչպե՞ս կարող են համադրվել «Չոր նավահանգիստ» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը:

- Ցանկացած պարագայում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր ուղիների կառուցումը մեծացնում են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունները՝ դրական անդրադառնալով արտահանման և ներմուծման գների վրա: «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է հաջողությամբ համադրվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ: Իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական և արտաքին տնտեսական գործոնների ազդեցության ներքո և դրա արդյունքները մոտ ապագայում տեսանելի չեն լինի… Իհարկե, առայժմ ավելորդ չի լինի զարգացնել «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում նախատեսվող երկաթուղային 4 հատվածներից մեկը՝ Նռնաձոր-Ագարակի 43 կիլոմետրանոց հատվածը, որն ավելի մատչելի կդարձնի հաղորդակցությունը Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ:

Հրայր Նազարյան

 

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

Մարզեր

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հարցազրույց

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Եվրոպական ինդեքսներ - 16/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 16/07/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 16/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 16/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 16/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 16/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում