«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:
Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքն առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։
Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյոք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին՝ նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում… Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։
Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվն արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:
Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։
Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը երրորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։
Նիթա Փրոուզի «Աղախինը» չորրորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։
Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» հինգերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։
Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» գիրքը վեցերորդ տեղում է։ Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» դետեկտիվ վեպը տպագրվել է 1938թ. Մեծ Բրիտանիայում, ապա նույն թվականին՝ ԱՄՆ-ում։
Իրադարձությունների կիզակետում Բոյնթոնների ընտանիքն է, որը ճանապարհորդության է մեկնում Երուսաղեմ։ Ընտանիքի գլուխը՝ արդեն բավականին ծեր և վատառողջ միսիս Բոյնթոնը, վերահսկում է իր հարազատների յուրաքանչյուր քայլը և ֆինանսական կախվածության մեջ պահում նրանց։ Բոլորը տենչում են նրա մահը, բայց ի վերջո ո՞ւմ զոհն է դառնում ծեր բռնակալուհին։
Դժվարին առեղծվածը այս անգամ ևս հանձն է առնում բացահայտել բելգիացի հանրահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոն, որը հանգամանքների բերումով նույնպես հայտնվում է Երուսաղեմում։ Նա, անկախ իր կամքից, սպանության նախօրեին վկա է դառնում մի խոսակցության պատառիկի, որի շուրջ էլ կառուցում է հետաքննությունը։ Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։
Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» յոթերորդ տեղում է։ Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է:
Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։
Մարկ Լևիի «Իսկ եթե դա ճիշտ էր…» գիրքն ութերորդ տեղում է։
Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ: Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը իններորդ հորիզոնականում է։ է. Ռեմարկի այս վեպն առաջին անգամ՝ 1959 թ., հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 50-ականների սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր։ Թարգմանությունը գերմաներենից՝ Վանուհի Բաղմանյանի։
Տասներորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() | Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով» | Դավինչի | 336 |
| 2 | 0 | ![]() | Քրիս Յուան, «Տան որսը» | Դավինչի | 127 |
| 3 | +3 | ![]() | Ալեքս Մայքլիդիս, «Ցասում» | Newmag | 95 |
| 4 | -1 | ![]() | Նիթա Փրոուզ, «Աղախինը» | Դավինչի | 80 |
| 5 | -1 | ![]() | Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը» | Newmag | 51 |
| 6 | * | ![]() | Ագաթա Քրիստի, «Հանդիպում մահվան հետ» | Էդիթ Պրինտ | 47 |
| 7 | -2 | ![]() | Ագաթա Քրիստի, «Լուռ վկան» | Էդիթ Պրինտ | 31 |
| 8 | նոր | ![]() | Մարկ Լևի, «Իսկ եթե դա ճիշտ էր․․․» | Էդիթ Պրինտ | 26 |
| 9 | * | ![]() | Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երկինքն ընտրյալներ չունի» | Էդիթ Պրինտ | 25 |
| 10 | * | ![]() | Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա» | Անտարես | 23 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









