ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն. Արմեն Մալխասյան, «Արամ թագավոր»
«Հայրենի պատմություններ» մատենաշարի «Արամ թագավոր» գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է դեռևս Մովսես Խորենացուց մեզ փոխանցված հայոց քաջ արքա Արամի պատմությունը:
«Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Թարգմանական գրականություն. Հարուկի Մուրակամի, «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք»
Հաջիմեն հաջողակ գործարար է, երկու բարի տեր, ունի սիրելի կին և երեխաներ։ Երջանկության համար կարծես ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Բայց նրա կյանքում հայտնվում է Շիմամոտոն՝ պատանեկության տարիների առաջին սերը, որն այդպես էլ չի մոռացվել։ Խախտվում է իրականության և պատրանքի սահմանը։ 1992-ին լույս տեսած այս վեպը սիրո մասին է, կրքի, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այս ամենը՝ շաղախված առեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով։
Թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Անաբել Սթեդման, «Սկանդարը և միեղջյուրի գողը»
Սկանդար Սմիթը միշտ երազել է Մայրցամաքից փախչել գաղտնի Կղզի, որտեղ ազատ թափառում են վայրի միեղջյուրները: Նա տարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը՝ ամեն տարվա թեստ, որի արդյունքում ընտրվում են մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիներ՝ մարզվելու և միեղջյուրի հեծյալ դառնալու համար: Բայց Սկանդարի քննության օրն ամեն ինչ ծայրահեղ վատ է ընթանում, և նրա հույսերը մարում են… մինչև առեղծվածային կերպարանքը կեսգիշերին թակում է նրա տան դուռն ու հայտնում․ «Կղզին վտանգված է, և Սկանդարը պետք է արձագանքի նրա կանչին»։ Սկանդարը մղվում է էպիկական, երկնային մարտերի, վայրի միեղջյուրների հետ վտանգավոր բախումների և միեղջյուրների բանակ հավաքող աներևույթ չարագործի մասին լուրերի աշխարհ: Եվ որքան մտերմանում է իր նոր ընկերների ու հեծյալների համայնքի հետ, այնքան ավելի դժվար է դառնում սեփական գաղտնիքները պահելը, հատկապես երբ հայտնաբերում է, որ նրանց կյանքը գուցե ավելի մեծ վտանգի տակ է, քան ինքը երբևէ պատկերացրել է: Թարգմանիչ՝ Նարե Հարությունյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը