ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Ֆյոդոր Դոստոևսկի, «Խաղամոլը»
1863-ին Ֆյոդոր Դոստոևսկին այցելում է Բադեն-Բադեն։ Այնտեղ մի քանի օրվա ընթացքում տանուլ է տալիս իր ունեցած ողջ գումարը, բացի այդ, սիրուհու՝ Պոլինա Սուսլովայի կանխիկ գումարը։ Խաղից ստացված տպավորությունները օգտագործել է վեպը գրելուց։
Վեպը գրելու ընթացքում Դոստոևսկին մտերմացել է իր սղագրուհու՝ Աննա Սնիտկինայի հետ և հետագայում ամուսնացել։ Ամուսնանալուց հետո նորապսակները ուղևորվել են շրջագայության Եվրոպայով, մեծ մասամբ Բադեն-Բադեն։ Այնտեղ Դոստոևսկին կրկին խաղում և պարտվում է։ Դրանից հետո նա երդվում է այլևս չխաղալ և պահում է երդումը՝ չխաղալով կյանքի վերջին 10 տարիներին։
«Խաղամոլ» վեպը գրվել է «Ոճիր և պատիժ» վեպին զուգահեռ։
Թարգմանությունը՝ Պողոս Մակինցյանի։ Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Յանա Բաուեր, «Ո՞վ կգրկի ոզնուն»
Անտառում առոք- փառոք մի ոզնի էր ապրում: Մի օր հանկարծ սաստիկ ցանկություն է ունենում, որ իրեն գրկեն: Օրինակ՝ փիղը, կամ գոնե արջը: Բայց ոզնուն գրկել կլինի՞:
Ո՞վ է գլխից ձեռք քաշել: Խե՜ղճ ոզնի: Վշտից լոլիկի պես փռվում է գետնին: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, նույն անտառում Փայփ- աղվես անունով մեկն է ապրում:
Տեսնենք՝ մի ելք կգտնի՞…
Սլովեներենից թարգմանեց Արմինե Վրտեսկա- Փիլոյանը։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Փաստավավերագրական գրականություն. Հրանտ Դինք, «Այս սյունակի մարդը»
Հրանտ Դինքի այս գրքում հարյուրից ավելի հրապարակումներ են, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս», «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում։ Նա անդրադարձել է աշխարհին, Արևմուտքին, Սփյուռքին, հայ-թուրքական խնդրին, Թուրքիայի հայ համայնքին, ազգային փոքրամասնություններին, քրդական հարցին։ Ինչի՞ մասին էր մտածում ու խոսում Դինքը։ Հոդվածներ, որոնք արդիական են նաև այսօր, հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվել մինչև հիմա։
Newmag-ը և Հրանտ Դինք հիմնարկը մեկ գրքով ներկայացրել են հայտնի հայի վերլուծություններն ու քաղաքական միտքը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը