«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:
Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքն առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։
Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյո՞ք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին, նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում․․․Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։
Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:
Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։
Նիթա Փրոուզի «Աղախինը» երրորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։
Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը չորրորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։
Հինգերորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Ագաթա Քրիստիի «Ժամացույցները» վեցերորդ տեղում է։ Խորհրդավոր մի սպանություն՝ լի այնքան տարօրինակ դրվագներով, որ թվում է, թե շատ ծանր հետաքննություն է սպասվում: Լուսիններ, կիսալուսիններ, ժամացույցներով լի մի սենյակ, գետնին փռված անշունչ մարմին, կույր տանտիրուհի և մի երիտասարդ սղագրուհի, որ ակամայից հայտնվում է խճճված պատմության կիզակետում: Մինչդեռ Էրքյուլ Պուարոն պնդում է, որ իրականում ամեն ինչ շատ պարզ է. ընդամենը մարդկանց հետ զրուցել է պետք, քանի որ սովորական խոսակցության ընթացքում են բացահայտվում էական մանրուքները:
Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» յոթերորդ տեղում է։ Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է:
Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպն առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։
Ութերորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:
Իններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Նիկոլաս Սփարքսի «Հուշատետրը» տասներորդն է։ Նիկոլաս Սփարքսն ամենաճանաչված հեղինակներից է ամբողջ աշխարհում: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ու վաճառվել միլիոնավոր օրինակներով: Սփարքսի սիրավեպերն առավել հայտնի են դարձել էկրանավորման շնորհիվ: Դրանցից է նաև «Հուշատետրը»: Այն պատմություն է արտասովոր սիրո մասին, որն անտարբեր չի թողնի ընթերցողին: Ամեն առավոտ Նոյը՝ կյանքի մայրամուտին հասած դողդոջուն մի ծերուկ, արթնանում է հույսով, որ իր միակ սերը՝ Էլլին, կճանաչի իրեն: Եվ այդ հույսով էլ նա ամեն առավոտ նստում է նրա անկողնու մոտ և բացում հուշատետրը: Երբեմն նրան հաջողվում է հասնել իր ուզածին, երբեմն էլ հիշողություններն այդպես էլ մնում են տողերի արանքում բանտարկված: Սա պատմություն է սովորական մարդկանց մասին, որոնք, թաթախված անմնացորդ սիրով, ունակ են պայքարելու, անգամ երբ չեն ներում ուժերը, հաղթելու անպարտելիին, որոնք քանիցս շրջանցել են մահն ու վայելել սիրո բերկրանքը կյանքի վերջալույսին: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 | ![]() | Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով» | Դավինչի | 224 |
2 | 0 | ![]() | Քրիս Յուան, «Տան որսը» | Դավինչի | 99 |
3 | +1 | ![]() | Նիթա Փրոուզ, «Աղախինը» | Դավինչի | 86 |
4 | -1 | ![]() | Ալեքս Մայքլիդիս, «Ցասում» | Newmag | 62 |
5 | * | ![]() | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 44 |
6 | նոր | ![]() | Ագաթա Քրիստի, «Ժամացույցները» | Էդիթ Պրինտ | 43 |
7 | 0 | ![]() | Ագաթա Քրիստի, «Լուռ վկան» | Էդիթ Պրինտ | 28 |
8 | * | ![]() | Ջոջո Մոյես, «Ես մինչ քեզ» | Զանգակ | 26 |
9 | * | ![]() | Հերման Հեսսե, «Սիդհարթա» | հեղ. հրատ | 26 |
10 | նոր | ![]() | Նիկոլաս Սփարքս, «Հուշատետրը» | Էդիթ Պրինտ | 24 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: