Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

10 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

ԿԱՊԱՆ,19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Կապանում անցկացված միջազգային երաժշտական փառատոն հիմնական մաս կազմեցին նաև սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախմբի կատարումները, որոնք արժանացան բարձր գնահատանքի ոչ միայն հայ մասնագետների, այլև աշխարհահռչակ օտարազգի վիրտուոզ երաժիշտների կողմից: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում անվանի երաժիշտ, խմբավար Տիգրան Սուչյանը նշեց, որ իրենց նվագախմբի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր դարձավ կապանյան առաջին միջազգային փառատոնը: Երևանից ժամանել էին 10 երաժիշտ ուսանողներ, ովքեր միացան տեղի արվեստի դպրոցի սաներին. այդ համագործակցությունը տվեց ցանկալի արդյունք: 

Նվագախմբի կայացման գործում մեծ ներդրում ունի նաև 43-ամյա Տիգրան Սուչյանը, ով մինչ այդ էլ հայտնի էր երաժշտասեր հանրությանն իր անցած ճանապարհով ու կենսափորձով: 2003 թվականին ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ շուրջ տասնյոթ տարի աշխատել է Հայաստանի պետական ջազ նվագախմբում՝ որպես շեփորահար: 2021 թվականից հանդիսանում է Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար-տնօրենը: Մասնակցել է միջազգային մի շարք փառատոնների: Նվագել է նաև այնպիսի անվանի երաժշտական խմբերում, ինչպիսիք են «Funky brass»-ը, «Nooz band»-ը, «New Quintet»-ը, Վահագն Հայրապետյանի գլխավորած «Կատուներ»-ը և Արտո Թունջբոյաջյանի ղեկավարած «Armenian Navy band»-ը, որոնց հետ համերգներով շրջագայել է ողջ աշխարհում:

«Պատանի երաժիշտների նվագախմբի կայացման գործընթացը տեղի ունեցավ շատ արագ, քանի որ կապանյան առաջին փառատոնը մեծ խթան հանդիսացավ այդ գործընթացի համար: Այս անգամ ավելի լավ էինք պատրաստվել, կատարումների ցանկն ավելի ակադեմիական էր: Այս ամենի իմաստն այն է, որ երիտասարդները կրթվեն հենց ակադեմիական հիմքերով, ծանոթանան տարբեր ոճերի երաժշտության հետ: Պատահական չէ, որ այս տարվա փառատոնի համար ընտրել էինք բազմաոճ կատարումներ, կային և՛ ջազային, և՛ համահեղինակային, և՛ փոփ ոճի ստեղծագործություններ: Կապանցի երիտասարդների շրջանում շատ տարածված է նաև ռոք երաժշտությունը, թեև, ավանդաբար, հայաստանյան ռոքի հյուսիսային մայրաքաղաքը Վանաձորն է կամ հենց Գյումրին, և այդ տեսակետից արդեն ունենք առողջ մրցակցություն»,- ասաց Սուչյանը:

Նա տեղեկացրեց, որ սյունեցի պատանի երաժիշտների համախմբումը մեկ տանիքի ներքո և մեկ համերաշխ նվագախմբում՝ տեղի ունեցավ ներդաշնակ ու դյուրին:

«Քանի որ հանգամանքների բերումով 2020 թվականից սկսեցի աշխատել պատանի երաժիշտների հետ, հասկացա, որ երեխաներից միշտ կարելի է սպասել մեծ անակնկալներ: Նրանց մեջ կյանքը եռում է, մնում է միայն բացահայտել տաղանդավորներին, աջակցել, ոգեշնչել ու նպաստել հետագա առաջընթացին: Ոմանք արդեն դարձել են արհեստավարժ, շատ բան են սովորել Երևանից ու Արցախից ժամանած հասակակիցներից: Ես արդեն նրանց վերաբերվում եմ որպես գործընկերոջ»,- նշեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Սուչյանը հավելեց, որ Կապանի մշակույթի պալատը լիարժեք պարապմունքների հնարավորություն է ընձեռում՝ տրամադրելով երաժշտական գործիքներ: Խմբավարը ամսվա ընթացքում կարճատև այցով մի քանի անգամ Երևանից գալիս է Կապան, քանի որ նախորդ տարվա փառատոնից հետո նրան առաջարկեցին աշխատել նաև տեղի սաների հետ: 

«Այս տարվա փառատոնի ժամանակ բացահայտվեցին նոր անուններ: Մենք կարողանում ենք նրանց համախմբել՝ հաստատելով նոր ծրագիր: Նվագախմբի կազմում, բնականաբար, գերակշռում են կապանցիները: Նվագում են տարբեր գործիքներ՝ լարային, հարվածային, փողային և այլն: Խումբն ունի ընդլայնվելու հեռանկարներ: Հնարավորություն ունենք կատարումների ցանկում ընդգրկել շատ գործիքներ: Հիմա պետք է ինքս զբաղվեմ նոր կադրերի ընտրությամբ: Կապանի փառատոնն, ինչ-խոսք, տալիս է այդպիսի հնարավորություն: Սա նաև մեծ փորձ է պատանի կատարողների համար, որովհետև մեծ ուշադրություն է սևեռում նրանց կրթության վրա: Փառատոնը նաև խթան է հարազատ քաղաքում մեծ նվաճումների հասնելու համար»,- ասաց Սուչյանը:

Զրույցի ընթացում մեզ միացան սյունեցի պատանի երաժիշտների նվագախմբի երկու անդամները՝ 12-ամյա Նարեկ Սարգսյանն ու 17-ամյա Միհրան Գրիգորյանը: Բազմափորձ խմբավարը հավաստիացրեց, որ նրանք իսկապես դարձան հայտնություն ոչ միայն իր, այլև բազմաթիվ մասնագետների համար, քանի որ ունեն երաժշտական ձիրք և օժտված են բնատուր տաղանդով: Միհրանը երաժշտությամբ զբաղվում է հինգ տարեկանից: Սկզբում սովորել է շվի նվագել, այնուհետև՝ կլառնետ: Նրա հմտություններն աննկատ չեն մնացել, և նա համալրել է պատանի նվագախմբի կազմը: 

«Ընկերներս ասացին, որ խմբում կլառնետ նվագողի կարիք կար: Տիգրան Սուչյանը լսեց իմ կատարումն ու միանգամից ընդգրկեց նվագախմբի կազմում: Ի դեպ, ընտրել էի նրանց ցանկից մի ջազային կատարում, որն էլ շատ հավանեցին: Ես իսկույն մերվեցի կոլեկտիվին: Փառատոնի շրջանակում արդեն ունեցել ենք երկու համերգ՝ ջազային և դասական երաժշտության: Հանդիսականները ոգևորվել էին: Մեզ լսեցին նաև Կապան ժամանած աշխարհահռչակ երաժիշտներ, որոնց գնահատականը նույնպես շատ կարևոր է: Սա, ինչ խոսք, մեծ փորձ էր մեզ համար: Արվեստի պետական քոլեջն ավարտելուց հետո ցանկանում եմ ուսումը շարունակել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Եթե լինի կատարելագործվելու հնարավորություն արտասահմանում, կօգտվեմ այդ հնարավորությունից, բայց անպայման վերադառնալու պայմանով»,- ասաց Միհրանը:

Նարեկ Սարգսյանն, ով արժանացել է «Տարվա պատանի արտիստ» կոչմանը, 6 տարեկանից է զբաղվում երաժշտությամբ, ժողովրդական երգերի սիրահար մայրը նրան վաղ տարիքում խորհուրդ էր տվել շվի նվագել սովորել: 

«Սկզբում նույնիսկ պատկերացում չունեի այդ գործիքի մասին, բայց շվիի ձայնը, կարելի է ասել, միանգամից գերեց: Այս փառատոնի շրջանակում տեղի ունեցան ինձ համար հիշարժան իրադարձություններ. երբ մի օր անցկացնում էինք հերթական փորձը, մեզ այցելեց աշխարհահռչակ երաժիշտ, ցիմբալահար Մարիուս Պրեդան: Նա լսեց, մոտեցավ ինձ և անսպասելիորեն առաջարկեց իր հետ նվագել: Համաձայնվեցի և կարողացանք մեր զգացմունքներն արտահայտել համատեղ երաժշտությամբ: Պրեդան ասաց, որ կհետևի իմ առաջընթացին, հետագայում անպայման կծանոթացնի ընկերների հետ և նորից կհրավիրի համատեղ նվագելու»,- ասաց Նարեկը:

Պատանի երաժիշտն արդեն մտածում է լուրջ կարիերայի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանելու մասին՝ երաժշտությունը դարձնելով հիմնական կենսակերպ: Նույնիսկ մտածում է ապագայում դասընթացներ կազմակերպել խոստումնալից սկսնակների համար:  

Նարեկ Սարգսյան-Մարիուս Պրեդա դուետն իսկապես ցնցել էր շատերին, հուզված էր նաև ինքը՝ վիրտուոզ կերպով մի քանի գործիքների տիրապետող հանրահայտ երաժիշտը, քանի որ կապանցի պատանիների անզուգական կատարումները հաճելի բացահայտում էին նրա համար, մի մարդու, ում երաժշտական քննադատները տվել են «Ռիթմերի ճարտարապետ» և «Տիեզերքի գերագույն վարպետ» պատվանունները: Մասնագետների պնդմամբ՝ նրա «Phenomenon»-ը լոկ նախագիծ չէ, այլև ուրույն ճամփորդություն, որն իր ուղին կերտում է ձայների անեզր օվկիանոսում իր ցիմբալով, որի յուրաքանչյուր հարված ուժի ու երաժշտականության արտահայտություն է:

«Պրեդայի հմուտ ձեռքերում ցիմբալի կախարդական հնչյունները, ջութակի նրբագեղությունը, դաշնամուրի ակորդներն ու ակորդեոնի հնչյունները ձեռք են բերում տիեզերական էություն: Նա նկարում է բազմազան երաժշտական գույներով, ինչպես Պիկասոն ձայների մեջ՝ յուրաքանչյուր գործիք դարձնելով յուրահատուկ «դերասան» մի բացառիկ ձայնային թատերագրության մեջ: Ջութակի, դաշնամուրի և ակորդեոնի ուրույն համադրությամբ մաեստրո Պրեդան ցուցադրում է զարմանալի երաժշտական բազմազանություն՝ բացահայտելով զգացմունքների բարձունքներն ու խորքերը, ինչպես Շեքսպիրը՝ ձայների մեջ»,- ասում են երաժշտագետները:

Նրանք, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում այն իրողությունը, թե ինչպես կարող էր Նարեկ Սարգսյանը հանպատրաստից նվագակցել Մարիուս Պրեդային, շուտով ականատես եղան ևս մեկ տեսարանի. փառատոնի փակման համերգից ժամեր առաջ շնորհալի պատանին շվիով նվագեց նաև մեկ այլ հանրահայտ երաժիշտ, հունգարացի վիրտուոզ ջութակահար Ռոբի Լակատոշի հետ, ում համարում են «Ջութակի արքա»:  

Սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբն իսկապես հայտնություն է մշակութային կյանքում: Մասնագետները կարծում են, որ երեխաներին սպասում է մեծ ապագա՝ համաշխարհային բեմերում անջնջելի հետք թողնելու հեռանկարով: 

Մանվել Մարգարյան 

Կոտայքի մարզում կործանված ուսումնամարզական ինքնաթիռը ԿԱԿ-52 մոդելի է․ ՆԳՆ

Հայաստան

Կոտայքի մարզում կործանված ուսումնամարզական ինքնաթիռը ԿԱԿ-52 մոդելի է․ ՆԳՆ

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Գիտություն

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Տնտեսություն

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

41-ամյա տղամարդը Երևանի բնակչուհուն մեկ տարի ենթարկել է սեռական շահագործման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Իրավունք

41-ամյա տղամարդը Երևանի բնակչուհուն մեկ տարի ենթարկել է սեռական շահագործման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է․ ՊՆ

Ռազմական

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է․ ՊՆ

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Հայաստան

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում