Տնտեսություն

Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ

2 րոպեի ընթերցում

Վարկերի տոկոսները պայմանավորված են նաև դրանց նկատմամբ պահանջարկով. ԿԲ նախագահ

Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ վարկային տոկոսներն ընդհանուր առմամբ մնում են նույն մակարդակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը չի հանգեցնում վարկերի տոկոսների իջեցմանը՝ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 

«Ակնհայտ է, որ հստակ կապ կա մեր ֆինանսավորման տոկոսադրույքի և պետական պարտատոմսերի կորի կարճաժամկետ հատվածի միջև: Այսինքն, կորի այդ հատվածում ունենք էական նվազում: Կորի երկարաժամկետ հատվածում նվազումը շատ ավելի մեղմ է: Այսինքն, այս պահի դրությամբ ներդրողները, որքան էլ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը ցածր է երկարաժամկետ հատվածում, որոշակի բարձր տոկոսադրույքներով են ձեռքբերում մեր պետական պարտատոմսերը, որը նաև ուղղորդիչ է մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների տեսանկյունից: Մյուս ֆենոմենը, որի հետ գործ ունենք, դա հսկայական պահանջարկն է, որը կա վարկային պրոդուկտների նկատմամբ: Այսինքն, թե՛ բիզնեսը, թե՛ տնային տնտեսությունները վարկերի բավականին մեծ պահանջարկ ունեն, որը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում: Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ ընդհանուր վարկային տոկոսների մակարդակը պահպանվում է նույն մակարդակին»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այս պահին բիզնես վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազում կա:

Ըստ Մարտին Գալստյանի, վարկերի տոկոսների կարգավորման դեմ վարչական լծակներ չկան, իսկ տոկոսադրույքների սահմանափակումն ավելի մեծ վնաս կպատճառի տնտեսությանը:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում