Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. մեզանից 1․8-1․6 մլն տարի առաջ ժամանակահատվածով թվագրվող չոպերը՝ նախամարդու «շվեյցարական դանակ»

2 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. մեզանից  1․8-1․6 մլն տարի առաջ ժամանակահատվածով թվագրվող չոպերը՝ նախամարդու «շվեյցարական դանակ»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պալեոլիթի վաղ փուլերին վերաբերող բացառիկ բազալտե չոպերը հայտնաբերվել են Տավուշի մարզում գտնվող «Հաղթանակ-3» բացօթյա հնավայրից և թվագրվում են մեզանից  1․8-1․6 մլն տարի առաջ ժամանակահատվածով: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Անի Ադիգյոզալյանը նշեց, որ այն իր հնությամբ ու նշանակությամբ դասվում է Եվրասիայի համաժամանակյա դասական նմուշների շարքին:  

«Գործիքը գտնվել է ստորին պալեոլիթի քարի մշակման «գլաքարային» ավանդույթի կամ այսպես կոչված օլդուվեյան մշակույթի փուլն արտահայտող «Հաղթանակ-3» բացօթյա հնավայրից։ Կանոնավոր ուրվագծերով այս գործիքն ունի երկկողմանի մշակում` արված բեկորների հեռացման և ռետուշման եղանակներով: Այն պատրաստվել է գլաքարից․ հարվածելով գլաքարին՝ ստացել են սուր եզրեր, որով կարողացել են կտրել, քերթել, մսից առանձնացնել մաշկը, ոսկորից՝ միսը, կտրել բույսեր, մշակել փայտը և այլն: Կարելի է ասել, որ չոպերը եղել են նախամարդու «շվեյցարական դանակ»-ի ֆունկցիան կատարող գործիք»,- նշեց մասնագետը: 

Ըստ նրա՝ թեև Հայաստանում հայտնաբերված ստորին պալեոլիթյան հուշարձանները դեռևս համալիր ուսումնասիրությունների չեն ենթարկվել, սակայն դրանց առկայությունն արդեն իսկ խոսում  է Աֆրիկայից դուրս Հայաստանի տարածքում մարդու ձևավորման և էվոլյուցիայի հենակետ լինելու մասին: 

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում