Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝ առաջատար. հայ գրականություն. հուլիս, 2024

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝  առաջատար. հայ գրականություն. հուլիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականերն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի  գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները, գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:

Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը երկրորդ տեղում է։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը երրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Գառնիկ Ալեքսանյանի «Ակնա լճի մեռյալները» չորրորդ տեղում է։ Նորաստեղծ արշավային ակումբի առաջին արշավը դեպի Գեղամա լեռներ է։ Արշավին տարբեր նպատակներով մասնակցողները հասնում են Ակնա լիճ` իրենց վրանատեղի, որտեղ պետք է գիշերեն։ Սակայն անտարբերությունը, անցյալի ու ներկայի ապրումները և մահկանացու մարդուն հավերժորեն պատուհասող ամենամեծ չարիքի չբուժված վերքերն այդ օրը միախառնվելու ու ներգործելու հնարավորություն էին ստացել։ Ո՞վ է մարդասպանը։ Ակնա լճում մեռյալ կա՞ր։ Մե՞կը, երկու՞սը… մի՞թե ողջերին էլ մեռյալների մեջ չպիտի փնտրել… 

Գոհար Նավասարդյանի «Կիսատ օրագիրը» հինգերորդ տեղում է։ Լինում են իրավիճակներ, երբ պայքարելն անհնար է թվում, կյանքը կիսվում է երկու մասի, անցյալն անդադար դեպի իրեն է կանչում, անորոշության մեջ սպասելուց բացի ոչինչ չի մնում անել, իսկ ապագան մշուշոտ է... Այսպիսի դրություն էր 2023թ. Շրջափակված Արցախում, որի բնակիչներն անում էին հնարավորն ու անհնարինը՝ այս հողում ապրելու իրավունքը վաստակելու համար, բայց և ոչինչ չէին կարողանում փոխել, որովհետև ամեն ինչ իրենց փոխարեն արդեն իսկ որոշված էր... Գիրքը շրջափակումից օրեր առաջ Արցախ գնացած մի երևանցի աղջկա մասին է, ով սիրելիին խոստացել էր, որ բաժանվում են ընդամենը մեկ ամսով, բայց ճանապարհը, որով անարգել հեռացել էր սիրած մարդուց, փակվում է՝ դառնալով իրենց անժամկետ բաժանման պատճառը: Վիպակի գործողություններն ինչքան էլ կատարված իրողությունների շրջանակում են ծավալվում, այնուամենայնիվ, ինչպես հեղինակի բոլոր գրքերը, այս մեկը ևս համեմված է սիրո, կարոտի, սպասման թեմաներով: Մտքում անդադար իր երեք կարոտները՝ կարոտ դեպի սիրելին, դեպի ընտանիքն ու դեպի հայրենի քաղաքը՝ հերոսուհին փորձում է հաղթահարել շրջափակման առաջացրած դժվարությունները: Դժվարություններ, որոնց չբախվելը սովորական է եղել մի ժամանակ, բայց որոնց առկայությունն այժմ կյանքը դարձրել է գոյության պայքար: Դժվարություններ, որոնք հաղթահարում էր արցախահայությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու հույսով, բայց պայքարը, ցավոք, ավարտվեց Արցախի կորստով ու գաղթի ճանապարհով:

Վահագ Ռաշի «Նարեն» վեցերորդ տեղում է։ Այն պատմություն է Վահագնի մասին՝ տասներորդ դասարանի շրջանավարտի, ում կյանքը փոխվում է, երբ նա առաջին անգամ հանդիպում է Նարեին: Երիտասարդ տղան, ընկերոջ հետ զբոսնելիս, սիրահարվում է նրան առաջին հայացքից: Սակայն շուտով Վահագնը պարզում է, որ Նարեն արդեն ընկեր ունի: Ճակատագիրը նրանց կրկին հանդիպեցնում է զբոսայգում, որտեղ Վահագնը, ցանկանալով տպավորություն թողնել, պատահաբար սայթաքում է Նարեի առջև և գիտակցությունը կորցնում: Տարիներ են անցնում, բայց Վահագնը չի կարողանում մոռանալ նրան, չնայած նրան կրկին գտնելու բոլոր ջանքերին:  Հիմնական իրադարձությունները ծավալվում են անցյալի հիշողությունների և դրանից մոտ 20 տարի անց, երբ Վահագը անսպասելիորեն հանդիպում է իր հին ընկերոջը՝ Արտակին, գիշերային ակումբում:

Րաֆֆու «Խենթը» յոթերորդ տեղում է։ Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է Խ. Սամվելյանը)։

Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ 2» գիրքը ութերորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996-2024թ Հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները: Վեպում առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Գոհար Նավասարդյանի «‎Սիրելուց հետո» գիրքը իններորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք.․․ Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»-ը տասներորդ տեղում է։  «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, սոցիալական հիմքերը: Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի լավագույն նմուշներից է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով:

 

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
10Ռուբեն Եսայան, «Վանականերն ունեն գաղտնիք»հեղ հրատ199
20Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» Դավինչի175
3+1Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում»հեղ հրատ47
4նոր11af22f2d277d68c713f7a52c37ed349.jpgԳառնիկ Ալեքսանյան,«Ակնա լճի մեռյալները»հեղ հրատ40
5*00-00191948.jpgԳոհար Նավասարդյան, «Կիսատ օրագիրը» հեղ հրատ34
6նոր00-00200127.jpgՎահագ Ռաշ,«Նարե»  հեղ․ հրատ32
7*Raffi-Khente.jpgՐաֆֆի, «Խենթը»Անտարես28
8+1Աշոտ Աղաբաբյան, «Սև Հովազ 2» հեղ հրատ28
9*zj2PsDMuOhzzVCHUFQWpEqp7m4Hg1l6qjLj7eRjj.jpgԳոհար Նավասարդյան, «‎Սիրելուց հետո» հեղ հրատ22
10*Ալեքսանդր Շիրվանզադե, «Քաոս»Էդիթ Պրինտ22

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում