Մշակույթ

Վերանորոգվել և արդիականացվել է Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի շենքը

3 րոպեի ընթերցում

Վերանորոգվել և արդիականացվել է Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի շենքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի համաֆինանսավորմամբ վերանորոգվել է Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի շենքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդիական ինտերիերով և թանգարանային պրոֆեսիոնալ լուսավորությամբ թարմացված մասնաճյուղը վերաբացվել է ականավոր գեղանկարիչ, գրաֆիկ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսով:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը խորհրդանշական է համարել Զաքար Խաչատրյանի գործերի ցուցահանդեսով Սիսիանի մասնաճյուղի վերաբացումը, որը մեկ հարկի տակ է համախմբել Սիսիանի անվանի արվեստագետներին, Ազգային պատկերասրահի տարբեր մասնաճյուղերի վարիչների  ու մշակութային գործիչների։

«Կարծում եմ պետություն և մասնավոր համագործակցությունն ու համաֆինանսավորումն այսօր՝ մեր օրերում, շատ կարևոր է։ Այդ ձևաչափով արդեն չորրորդ մասնաճյուղն է վերանորոգվում, արդիականացվում և վերաբացվում»,- ասաց Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանին, ում նախաձեռնության և աջակցության շնորհիվ է նաև կյանքի կոչվել Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերանորոգման ծրագիրը։

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանի հավաստմամբ՝ պատկերասրահն ակտիվ գործունեություն է ծավալում և ցուցադրություններով հետաքրքրվողների թիվ մեծ է։

«Վերանորոգման ընթացքում մարդիկ շատ էին հետաքրքրվում, հարցնում, թե երբ պետք է վերաբացվի, հատկապես՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին է անցուդարձը շատ լինում»,- հայտնեց վարիչը՝ հավելելով, որ  այդ ժամանակահատվածում գեղանկարչությանը հաղորդակից դարձնելու համար տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում նաև երեխաների համար, սկսած՝ մանկապարտեզից։

Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է 1996 թվականից: Տարիների ընթացքում այն դարձել է Սիսիանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը:

ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանը, ում ստեղծագործությունների ցուցահանդեսով խորհրդանշվել է Սիսիանի մասնաճյուղի բացումը, ծնվել է տարածաշրջանի Սառնակունք գյուղում։   

Նկարիչն ունեցել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսներ ինչպես Խորհրդային Հայաստանում, Ռուսաստանում, այնպես էլ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում և Հնդկաստանում:

Զաքար Խաչատրյանը նաև մանկավարժ էր. 1968-ից դասավանդել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1986-ին ստացել է պրոֆեսորի կոչում: Նրա շնորհալի սաներից է նաև գեղանկարիչ, գրաֆիկ Փարավոն Միրզոյանը, որն իր արվեստում բազմիցս անդրադարձել է սիրելի ուսուցչի կերպարին:

Արվեստագետի աշխատանքները պահվում են ՀԱՊ-ի հավաքածուում, արտասահմանյան տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում