Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

5 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին Գեղարքունի մարզ կատարած այցի շրջանակում Գավառում հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրների, որոնք առնչվում են ջրամատակարարմանը, բժշկական օգնության տրամադրմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը, կանանց զբաղվածությանը:

Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպված «Կանանց իրավունքների պաշտպանություն և խթանում գործարարության ոլորտում» թեմայով քննարկմանը, որին մասնակցել է մարզում բիզնես ոլորտում տարբեր գործունեություններ իրականացնող ավելի քան 40 կին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բռնի տեղահանված անձինք:

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմում գործում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը։

Քննարկման շրջանակներում Անահիտ Մանասյանն ընդգծել է իրավահավասարության երաշխավորման կարևորությունը, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելու անհրաժեշտությունը:

«Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը:

Նշվում է, որ քննարկման մասնակիցները ներկայացրել են գործարարության ոլորտում հանդիպող մարտահրավերները, հանդես եկել առաջարկներով:

Հատուկ անդրադարձ է կատարվել  բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և այդ ուղղությամբ Պաշտպանի իրականացրած աշխատանքներին:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանն էլ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթներն ու նպատակները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի սաների և ուսուցչական անձնակազմի հետ։

Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները:

Դպրոցականներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը:

Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում:

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման  աշխատանքային  մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում