Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. 5-7-րդ դարերին թվագրվող զտիչ-պարզարանը` Դվինում բարդ ջրամատակարարման համակարգերի առկայության ապացույց

3 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. 5-7-րդ դարերին թվագրվող զտիչ-պարզարանը` Դվինում բարդ ջրամատակարարման համակարգերի առկայության ապացույց

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրամատակարարման համակարգի բաղադրիչ  զտիչ-պարզարանը հայտնաբերվել է 1958 թվականին Վերին Դվին գյուղի տարածքում իրականացված պեղումների ժամանակ և թվագրվում է 5-7-րդ դարերին: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Համազասպ Աբրահամյանը նշեց՝ ջրամատակարարման համակարգեր եղել են Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում և վանական համալիրներում, բայց բարդ ջրամատակարարման համակարգերի բաղադրիչ  զտիչ-պարզարանի հենց այս նմուշի առկայությունը տարածաշրջանում եզակի է: 

Ըստ մասնագետի՝ Հայաստանի միջնադարյան քաղաքները եղել են ոչ միայն արհեստագործական և առևտրային խոշոր կենտրոններ,  այլ նաև գյուղատնտեսական խոշոր օազիսներ, և այս առումով միջնադարյան քաղաքներում կարևոր է եղել ջրամատակարարման և ոռոգման համակարգերի առկայությունը: Դվինի ջրամատակարարման ցանցը Հայաստանում ամենահայտնի համակարգերից է:

«Միջնադարում նման ջրամատակարարման ցանցերի  բարդ կազմությունը խոսում է քաղաքային մշակույթի զարգացվածության մասին: Դվինի պարագայում ունենք խողովակաշարերով ջրամատակարարման բարդ ցանց: Նշեմ, որ խողովակաշարերի հատվածներ են հայտնաբերվել քաղաքում իրականցված պեղումների գրեթե բոլոր հատվածներում: Իսկ քաղաքի սահմաններից դուրս հայտնաբերվածները ցույց են տալիս այն ուղղությունները, որտեղից ջուրը հասել է Դվին»,- ասաց  մասնագետը:

Նա նշեց՝ ցուցադրությունում ներկայացված զտիչ-պարզարանը մաս է կազմել ընդհանուր խողովակաշարի, և հնարավորություն է տվել զտել ջրի հետ հոսող ավազը և ծանր մասնիկները: Այսինքն, ջուրը հոսելով խողովակատարով, լցվել է կարասի մեջ մի կողմից և դուրս եկել մյուս կողմից, ինչի արդյունքում ծանր տարրերը իջել են կարասի հատակը, իսկ մաքուր ջուրը շարունակել է հոսել: Ժամանակ առ ժամանակ բացել են կարասի խուփը, մաքրել ավելորդ նյութերը՝ խուսափելով խողովակատարի խցանումներից:

Աբրահամյանը, ներկայացնելով միջնադարում տարածում ունեցած խողովակաշարերի կառուցվածքը, նշեց, որ դրանք կազմված էին թրծված կավից, իրար միացված խողովակներից, որոնցով իրականացվում էր խմելու ջրի մատակարարումն ու բաշխումը։ Բացի հիմնական խողովակներից, համակարգերը բաղկացած էին նաև բազմաթիվ բաշխիչներից, զտիչ-պարզարաններից, անկյունակներից և այլն: 

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բարսեղյան 

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում