«Երևանյան բեսթսելեր». «Սասունցի Դավիթ»-ն ՝ առաջատար. մանկական. հուլիս, 2024
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսի մանկապատանեկան մշակումն առաջին տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:
Նարինե Աբգարյանի «Շոկոլադե Պապիկը» երկրորդ տեղում է։ Նորվեգիայի Բերգեն քաղաքում իր առօրյայով ապրում է նորվեգական միանգամայն սովորական մի ընտանիք՝ մայրիկը, հայրիկը, վեցամյա Մարտինը և նրա ավագ քույրը՝ Մաթիլդան: Բայց ամեն ինչ փոխվում է, և կյանքը դառնում է արկածներով լի, երբ նրանց հյուր է գալիս Օսկար պապիկը, որին երեխաները նախկինում երբեք չէին տեսել: Զուր չէ, որ Օսկարին Շոկոլադե պապիկ էին անվանում. չէ՞ որ նա սարսափելի քաղցրակեր է և առանց կոնֆետի, առանց շոկոլադի ապրել չի կարող։ Ու նաև, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, նա կարողանում է քայլել առաստաղով: Իսկ թե ինչեր պատահեցին կլանող գաղտնիքներով ու արկածներով լի այս գրքում, կարդա՛ այն և կիմանաս:
Երրորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:
Փամելա Լինդոն Թրեվերսի «Մերի Փոփինս»-ը չորրորդ տեղում է։ Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով:
Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հինգերորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:
Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:
Սըր Ստիվ Ստիվենսոնի և Ստեֆանո Տուրկոնիի «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը» վեցերորդ տեղում է։ Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:
Յոթերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Ութերորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:
Տասներորդ տեղում է Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»։ «Ծովահենի գրադարան» շարքից լույս է տեսել «Գանձերի կղզին» գիրքը: Շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին: Այն պատմում է Ջիմ Հոքինսի մասին, որն անսպասելիորեն միանում է ծովահենության աշխարհին, երբ հայտնաբերում է նավապետ Ֆլինտի՝ անմարդաբնակ կղզում թաքցրած գանձերի քարտեզը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() | Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը» | հեղ հրատ | 103 |
| 2 | նոր | ![]() | Նարինե Աբգարյան, «Շոկոլադե Պապիկը»
| Արևիկ | 80 |
| 3 | * | ![]() | Դերենիկ Դեմիրճյան, «Պույ-Պույ Մուկիկը» | GSM | 58 |
| 4 | -3 | ![]() | Փամելա Լինդոն Թրեվերս, «Մերի Փոփինս» | Զանգակ | 52 |
| 5 | +3 | ![]() | Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» | Բուկինիստ | 51 |
| 6 | 0 | ![]() | Սըր Ստիվ Ստիվենսոն և Ստեֆանո Տուրկոնի, «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը» | Զանգակ | 44 |
| 7 | +2 | ![]() | «Շունն ու կատուն» | Բուկինիստ | 44 |
| 8 | * | ![]() | Ջաննի Ռոդարի, «Երկնագույն նետը» | Վերնատուն | 34 |
| 9 | -5 | ![]() | Շառլ Պերո, «Կարմիր գլխարկը» | Բուկինիստ | 34 |
| 10 | * | ![]() | Ռոբերտ Սթիվենսոն, «Գանձերի կղզին» | Էդիթ Պրինտ | 33 |
«Երևանյան բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









