Տնտեսություն

Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի նախագահը հայ գործարարներին առաջարկում է դիտարկել Բելգիայի միջոցով աֆրիկական շուկա դուրս գալու հնարավորությունը

16 րոպեի ընթերցում

Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի նախագահը հայ գործարարներին առաջարկում է դիտարկել Բելգիայի միջոցով աֆրիկական շուկա դուրս գալու հնարավորությունը

ԲՐՅՈՒՍԵԼ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի նախաձեռնությամբ հոկտեմբերին Բելգիայից և եվրոպական այլ երկրներից մեկ տասնյակից ավելի գործարարներ կայցելեն Հայաստան։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ, գործարար Վալերի Սաֆարյանը ներկայացրել է կառույցի քսան տարվա գործունեության արդյունքները, համագործակցության փոխադարձ գրավիչ ոլորտները։ Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանն այսօր Եվրոպայի համար կարևոր երկիր է, ու պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԵՄ-ն դա տեսնի։ 

Պալատի նախագահը համոզված է՝ տնտեսության էլեկտրաֆիկացման ներկա համատեքստում Հայաստանը վճռորոշ դերակատար է ու պետք է կարողանա ավելի ռազմավարական դիրքորոշում որդեգրել։ 

-Մեծ հավակնություններով ստեղծված պալատի առանցքային նպատակներից է Բելգիային Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր դարձնելը։ Ինչպե՞ս կամփոփեք պալատի քսան տարվա գործունեությունը։ 

Նախաձեռնությունը մեկնարկել է դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ ժամանակին ունեցածս քննարկումներից հետո: Նա կարծում էր, որ Բելգիայի հայկական սփյուռքը, որի մաս եմ կազմում ես, կարող է ներկայացնել Հայաստանը այլ տեսանկյունից՝ դուրս գալով այնպիսի զգայուն հարցերից, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը կամ Ղարաբաղը, և առաջ քաշել ավելի դրական թեմաներ, մասնավորապես՝ տնտեսական: Ըստ իս` այսօր Հայաստանի համար մեծ մարտահրավեր է մնում եվրոպացիներին համոզելը, որ առանցքային գործընկեր ու երկիր է՝ շեշտադրելով, որ Հայաստանի գոյատևումը վճռորոշ է Եվրոպայի համար։ Սա պահանջում է տնտեսական փոխանակումների և ընկերությունների միջև փոխգործակցության ամրապնդում։ 

Որքան էլ ընդհանրական հնչի, տնտեսությունն այսօր կենտրոնական դեր է խաղում մեր հասարակության մեջ։ Ընդհանրական այս մոտեցումը շատ ավելի պարզ ու հստակ դարձավ այն ժամանակվա մեր քննարկման համատեքստում, որ մենք ունեցել ենք դեսպան Վիգեն Չիտեչյանի և Տիգրան Բալայանի հետ, ով այն ժամանակ դեսպանատան երկրորդ քարտուղարն էր, իսկ այժմ Բելգիայում Հայաստանի դեսպանն է։ Այս զրույցից ծնվեց հայ-բելգիական առևտրի պալատ ստեղծելու գաղափարը։ Ես այդ ժամանակ 24 կամ 25 տարեկան էի, և, չնայած մեր հավակնությունները մեծ էին, մենք պետք է զրոյից մի ամբողջ ցանց կառուցեինք: Պետք է ծանոթանայինք բելգիական հաստատություններին, որոնք խթանում են տնտեսական հարաբերությունները Վալոնիայի, Ֆլանդրիայի, Բրյուսելի և միջազգային մակարդակով: Դա երկար գործընթաց էր։ Առաջին տարիները նշանավորվեցին հետազոտական առաքելություններով, քանի որ բելգիական ընկերությունները շատ սահմանափակ գիտելիքներ ունեին հայկական շուկայի մասին։ Ավելին, անգամ բելգիական դիվանագիտությունը Հայաստանի մասին տնտեսական մակարդակում ուներ անորոշ տեսլական, թեև քաղաքական հարթությունում իրավիճակն ​​այլ էր։ Այսպիսով, առաջին առաքելությունները հիմնականում ուղղված էին տարբեր ոլորտների ընկերություններին աջակցելուն, որոնք, ճիշտն ասած, ավելի շատ հետաքրքրված էին իրենց ապրանքների վաճառքով, քան ներդրումներով: Հետագայում մենք փորձեցինք կատարելագործել այն նախագծերը, որոնց միջոցով վալոնական և ֆլամանդական ընկերությունները կարող էին համապատասխան դերակատարում ունենալ Հայաստանի տնտեսության մեջ՝ լինի դա աջակցության, ենթակառուցվածքների զարգացման, ջրի մաքրման կամ էներգետիկ ոլորտներում: Այսպիսով, եղան խոշոր ընկերություններ, որոնք ներգրավվեցին, իսկ մյուսները պայմանագրեր կնքեցին: Այս առաքելություններից օգտվել են նաև բելգիական այլ ընկերություններ, որոնք արդեն կապի մեջ էին Հայաստանի հետ։

Առևտրի պալատը հիմնականում միջնորդ է եղել շփումները հեշտացնելու համար, բայց սկզբում կենտրոնական դեր չի խաղացել, քանի որ հետաքրքրությունն արդեն կար, հատկապես հայկական մի ընկերության շնորհիվ, որն արդեն Բելգիա էր հասել: Այնուհետև Հայաստանը ցանկություն հայտնեց ամրապնդել իր հարաբերությունները Եվրամիության հետ, հատկապես խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) շրջանակներում։ Այդ ժամանակ ամեն ինչ իրոք վերելք ապրեց։ Հայաստանի կառավարությունը Բրյուսել ուղարկեց էկոնոմիկայի նախարարության կցորդին։ Սա մեզ թույլ տվեց, հիմնվելով հայկական էկոհամակարգի վերաբերյալ նրա փորձագիտական ​​գիտելիքների վրա, ընկերությունների հետ հանդիպումներ և կոնֆերանսներ կազմակերպել: Պալատի համար սա ամենադինամիկ շրջանն էր։ 

Ցավոք, Սերժ Սարգսյանի կառավարությունը որոշեց հետամուտ չլինել ԵՄ-ի հետ տնտեսական համաձայնագրին և նախընտրեց ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը։ Այս ընտրությունն ու որոշումը, իմ՝ որպես եվրոպացու տեսանկյունից, բեկում էր, քանի որ 2012-2014 թվականներին ակնհայտորեն դանդաղեցրել է Հայաստանի և Բելգիայի տնտեսական մերձեցման դինամիկան։ 2014-ին անձնական գործերով մի քանի տարով տեղափոխվեցի Աֆրիկա, ինչը դանդաղեցրեց պալատի գործունեությունը։ Նույնիսկ եթե այն կենտրոնացած չէր իմ անձի շուրջ, ես դեռ դրա շարժիչ ուժն էի: Երբ վերադարձա, COVID-19-ի տարիներն էին, որոնց ընթացքում պալատը շարունակեց իր գործունեությունը, բայց ավելի համեստ տեմպերով։ Առաջին տասը տարիների ընթացքում մենք աջակցել ենք մոտ 200 բելգիական ընկերությունների։ 2023 թվականին Վալոնական արտահանման գործակալության հետ մասնակցել ենք Հայաստան կատարած բազմաոլորտ առաքելությանը։

-Ինչպես նշեցիք, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Որքանո՞վ է այս անդամակցությունը ներկայում խոչընդոտում Հայաստանի և Բելգիայի միջև առևտրային համագործակցությանը: Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ մնում կոմերցիոն տեսանկյունից։ 

-Բարդ հարց է, քանի որ ուկրաինական պատերազմից հետո շուկայի առաջխաղացումը շատ է բարդացել, որը ներառում է Ռուսաստանը և Բելառուսը, երկրներ, որոնք ակնհայտորեն այլևս չեն համարվում Եվրամիության գործընկերներ: Հայաստանին որպես դեպի Ռուսաստան կամ Բելառուս դարպաս դիտարկելն ինձ խելամիտ ռազմավարություն չի թվում։ Ինչպիսի՞ն է Հայաստանի ազդեցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում. Կարծում եմ՝ սա ավելի գլոբալ վերլուծության կարիք ունի, քանի որ Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի հեռանկարն այս մակարդակում որոշիչ չէ։ Անշուշտ, հետաքրքիր է իմանալ, որ Հայաստանից հնարավոր է աշխատել Ղազախստանի հետ, բայց նորից, իսկապե՞ս պետք է Հայաստանով անցնել Ղազախստանի հետ բիզնես անելու համար: Համոզված չեմ, քանի որ աշխարհագրական տեսակետից այն սահմանակից չէ Ղազախստանին։

-Եթե ​​բելգիական շուկայի մուտքը Հայաստան կարևոր է բելգիական ընկերությունների համար, ապա կարելի է ենթադրել, որ նույնքան կարևոր է նաև հայկական ընկերությունների մուտքը բելգիական շուկա։ Կա՞ն արդյոք կոնկրետ արդյունքներ այս առումով, եթե այո, ապա ո՞ր ոլորտներում։ 

-Մի քանի ուշագրավ արդյունք կա։ Նախ ադամանդագործության ոլորտում զգալի հոսք կա, ինչը միանգամայն ակնհայտ է։ Եթե ​​դիտարկենք Բելգիայի և Հայաստանի միջև տնտեսական փոխանակումները և առևտրային հաշվեկշիռը, ապա դրանցում դեռևս հիմնականում գերակշռում է ադամանդի արդյունաբերությունը: Այնուամենայնիվ, Առևտրի պալատը որևէ դեր չի խաղացել դրանում, քանի որ այդ հարաբերություններն արդեն գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից ի վեր՝ պալատի ստեղծումից շատ առաջ, մեծապես շնորհիվ Անտվերպենում ակտիվ հայկական սփյուռքի և այն փաստի, որ Հայաստանն արդեն առաջատար դերակատար էր ոսկերչության տարբեր ուղղություններում։

Ինչ վերաբերում է դեպի Բելգիա հայկական ապրանքների արտահանմանը, ապա պետք է առանձնացնել երկու տարր։ Նախ՝ ագրոպարենային արդյունաբերության ոլորտում Հայաստանը սկսում է գինի արտահանել, իսկ բելգիական մեծածախ վաճառողները սկսում են հայկական գինի բաշխել։ Սա ցույց է տալիս, որ հայ գինեգործներին հաջողվել է հետաքրքիր գործընկերային հարաբերություններ հաստատել։

Ինձ համար գլխավոր հարց է Եվրոպային հասկացնելը, որ Հայաստանն իր համար վճռորոշ երկիր է, և որ Հայաստանի գոյատևումը, որն այսօր կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ, մեծ նշանակություն ունի։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ունի ռազմավարական ակտիվներ, մասնավորապես, կիսահաղորդիչների և էլեկտրոնային չիպերի ոլորտում, մի բան, որը խիստ բացակայում էր COVID-ի ժամանակաշրջանում։ Օրինակ, Siemens-ը Հայաստանում ունի ավելի քան 300, իսկ «Սինոփսիս»-ը` ավելի քան 1500 ինժեներներ: Սա հստակ ցուցիչ է, որ Հայաստանն այս ոլորտում առաջ է անցել եվրոպական շատ երկրներից, ինչն այդքան կարևոր է ժամանակակից տնտեսության համար: Հետևաբար, այն հուսալի և կարևոր գործընկեր է Եվրամիության համար, մասնավորապես, կանաչ տնտեսության համար կարևոր տեխնոլոգիաների առումով: Բելգիական ընկերությունները նույնպես պետք է տեղյակ լինեն այս իրողության մասին։ 

-Ո՞ր ոլորտներն են փոխադարձաբար գրավիչ ներդրողների համար: 

-Սկսենք դասական հատվածից՝ զբոսաշրջությունից: Շատ կարևոր է Բելգիայում այս ոլորտի խթանման հետագա բարելավումը: Թեև շատ բելգիացիներ արդեն այցելել են Հայաստան, սակայն այն դեռ բավականաչափ կարևորված չէ զբոսաշրջության առումով՝ չնայած Հայաստանն ունի համապատասխան հյուրանոցային ենթակառուցվածք, և այնտեղ հասնելը հեշտ է: Եվ այս առաջխաղացումը պետք է լինի փոխադարձ։ Բելգիայի հայ համայնքի շնորհիվ զգալի թվով հայեր են այցելում Բելգիա, բայց, հավանաբար, ոչ բավարար։ Բելգիայի մշակութային և զբոսաշրջային վայրերի ավելի լավ գովազդումը կարող է ավելի շատ հայ այցելուների գրավել:

Ինչ վերաբերում է Բելգիային, ապա պետք է Հայաստանի ուշադրությունը հրավիրել կարևոր մի կետի՝ Աֆրիկայում բիզնեսի հնարավորության վրա, մի մայրցամաք, որը հաճախ անտեսվում է հայկական բիզնեսի կողմից: Բելգիան Անտվերպենի նավահանգստի և իր օդանավակայանի շնորհիվ, որն ամենօրյա թռիչքներ է առաջարկում դեպի Արևմտյան, Կենտրոնական Աֆրիկա և նույնիսկ անգլախոս հատված ու գրեթե բոլոր ֆրանսախոս մայրաքաղաքներ, հանդիսանում է հիմնական լոգիստիկ դարպասը դեպի Աֆրիկա: Բացի այդ, Բելգիան Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ ստորագրել է կրկնակի հարկման մասին համաձայնագիր՝ հատկապես գրավիչ դարձնելով հարկային հարաբերությունները։ Հետևաբար, այս առավելությունների վերաբերյալ ավելի լավ հաղորդակցումը կարևոր է, որպեսզի հայկական ընկերությունները լիովին տեղեկացված լինեն դրանց մասին:

-Շուտով բելգիացի և եվրոպացի գործարարների նոր խումբ եք Հայաստան տանելու։ Ո՞րն է մասնակիցների շարժառիթը և ի՞նչ ակնկալիքներ ունեք դուք։  

-Նախ, Բելգիայի դեսպան Էրիկ դե Մյունքի և Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկումներից հետո որոշեցինք օգտվել տեղում դեսպանի առկայությունից, ինչը հեշտացնում է բիզնեսի ընդունելությունն ավելի կառուցվածքային դիվանագիտական ​​շրջանակներում՝ ի տարբերություն մի իրավիճակի, երբ դիվանագիտական ​​ներկայացուցչություն չկա։ Հաջորդը, ցանկանում ենք օգտվել WCIT համաժողովի ընձեռած հնարավորություններից, որը ներառում է ցուցադրողներ  ավելի քան 80 երկրից: Մեր նպատակն է ապահովել Բելգիայի տեսանելիությունն այս միջոցառման ընթացքում: Խմբում ընդգրկված է մոտ մեկ տասնյակ մարդ, որոնցից մի քանիսն ուղղակիորեն ակտիվ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ մյուսները բանախոսներ են, համալսարանի դասախոսներ կամ արհեստական ​​բանականության մասնագետներ: Մենք մեզ բաժանորդագրում ենք այս դինամիկային՝ ճանաչելով Հայաստանը որպես միջազգայնորեն ավելի ու ավելի ճանաչում ձեռք բերող տեխնոլոգիական զարգացման հարթակ: 

Նպատակ ունենք տանել ընկերություններ, որոնք կարող են գործընկերային հարաբերություններ հաստատել հայկական ընկերությունների հետ։ Մենք նաև ընդլայնում ենք մեր տեսահորիզոնը Բելգիայից դուրս, մասնավորապես հրավիրելով Tefax բելգիական ընկերության կառավարիչ տնօրենին, որը մեծ  ցուցանիշ ու համբավ ունի ֆոնդային բորսայում, բայց որի ակտիվները հիմնականում գտնվում են Աֆրիկայում, և որն աչքի է ընկնում արտագաղթողների համար անշարժ գույքի զարգացման գործում: Հայաստանում գտնվելու օրերին կմասնակցենք WCIT համաժողովին, բայց նաև այցելություններ կկազմակերպենք կոնֆերանսից դուրս՝ ներառյալ այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են FAST-ը, TUMO-ն և Picsart-ը, որպեսզի առաքելությանը մասնակցող ընկերություններին առաջարկենք հայկական էկոհամակարգի ավելի ամբողջական տեսլականը: 

-Ժամանակին համոզմունք եք հայտնել, որ Բենելյուքսի (Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ) նման նախագիծը կարող է հաջողության հասնել Հարավային Կովկասում` ներգրավելով Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը: Դեռ հավատո՞ւմ եք այս հնարավորությանը: 

-Իհարկե, ներկա փուլում դա պատրանք է մնում, գրեթե ուտոպիստական՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հիասթափեցնող հայտարարությունները։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ այս տարածաշրջանի համար այլ կայուն լուծում չկա։ Թուրքիայի հետ սահմանները բացելու նախաձեռնությունը, ըստ իս, էական է, քանի որ տնտեսական փոխանակումները և փոխադարձ կախվածությունը նվազեցնում են հակամարտությունների վտանգը կամ առնվազն բարդացնում հակամարտությունները։ Այն օրը, երբ Հայաստանը էլեկտրաէներգիա կարտահանի Ադրբեջան, իսկ Ադրբեջանը գազ կվաճառի Հայաստանին, այդպիսով ստեղծելով մատակարարող-հաճախորդ հարաբերություններ, լարվածությունն անպայման կնվազի։ Դուք չեք կարող հակասական հարաբերություններ պահպանել ձեր սեփական հաճախորդների հետ: Եթե ​​նույնիսկ այսօր դժվար է Բաքվի հետ երկխոսություն պատկերացնել, ես համոզված եմ, որ այլ ճանապարհ չկա։ 

-Արդյո՞ք խնդիրը նաև Հայաստանի ընկալման մեջ չէ, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք այն համարում են աղքատ ու փոքր երկիր։ 

-Միանշանակ ճիշտ եք, և սա նաև մարքեթինգային խնդիր է Հայաստանի համար, որը արդյունավետ դիրքավորման և հաղորդակցության պակասի խնդիր ունի։ Օրինակ, այն փաստը, որ Հայաստանում կա «Սինոփսիս»-ի 1500 ինժեներ, հատկանշական է, քանի որ դա ցույց է տալիս, որ երկիրը հանդիսանում է միկրոչիպերի նախագծման խոշոր դերակատար։ Տնտեսության էլեկտրաֆիկացման ներկա համատեքստում այս տեսակի փորձաքննությունը վճռորոշ նշանակություն ունի: Հետևաբար, Հայաստանը պետք է կարողանա ավելի ռազմավարական դիրքորոշում որդեգրել։ 

Լիլիթ Գասպարյան 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում