Հայաստան

ՀՀ ՄԻՊ Մանասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ Մանասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները: 

«Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման ու զարգացման հիմքում ընկած արժեքների փոխանցման ու լիարժեք իրացման գաղափարները: Ավելին, վստահ եմ, որ հանրօգուտ աշխատանքը, այդ թվում` կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն է, երբ տալիս ես անգամներ շատ, քան ստանում ես: Այս ծրագիրը հիմնված է հենց նման արժեքների վրա, իսկ վերջինիս շրջանակներում յուրաքանչյուրիդ կողմից իրականացվող աշխատանքն ինքնին արժեքների ձևավորման ու փոխանցման իրական ծառայություն է, որն ունի նաև օրինակելի նշանակություն»,- ասել է Պաշտպանը: 

Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է ծրագրին իր ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը և մաղթել, որպեսզի այն կրի շարունակական բնույթ:

Նշվում է, որ ուսուցիչ-առաջնորդների ավարտական միջոցառումը կոչվում էր «Նավասարդ»՝ որպես հայկական տոմարի առաջին ամիս: Անվանումը կրում էր նաև աշնանային բերքահավաքի տոնախմբությունների խորհուրդը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Նավասարդը հռչակել է իր բերքահավաքի տոն, իսկ բերքահավաքն այն բոլոր հնարավորություններն են, որոնք ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ ձեռք են բերել աշակերտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում