Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. Ք.ա. 9-ից 5-րդ դարերին թվագրվող արձանիկների խումբը՝ մեկ միասնական պաշտամունքի ապացույց

2 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. Ք.ա. 9-ից 5-րդ դարերին թվագրվող արձանիկների խումբը՝ մեկ միասնական պաշտամունքի ապացույց

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք․ա․ 9-ից 5-րդ դարերին թվագրվող կանանց  և տղամարդկանց ձուլածո ֆիգուրաները հայտնաբերվել են Պառավաքարի և Այրումի  հնագիտական   հուշարձաններից: 

«Արմենպրես»-ի  հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը նշեց, որ 1962 թվականին երկաթուղու Այրում կայարանի շինարարության ժամանակ աշխատակիցները պատահական բացում են հնագիտական դամբարան, որը պարունակում էր մոտ 200 փոքր մարդակերպ և կենդանակերպ արձանիկներ: Սակայն մասնագետներին հաջողվում է գտնել և թանգարան տեղափոխել արձանիկներից  32-ը: Հետագայում 1968 թվականին նմանատիպ արձանիկներ գտնվում են Տավուշի մարզի Պառավաքար գյուղից:

«Մարդակերպ արձանիկները իրենց տեսակով շատ հետաքրքիր են, այս արձանիկները ժամանակագրորեն տարբերվում են՝ Պառավաքարից հայտնաբերվածները  թվագրվում են  Ք․ա․ 9-րդ դարով, իսկ Այրումինը՝ Ք․ա․ 6-5-րդ դարերով:

Հարթակի վրա կանգնած կանանց  և տղամարդկանց արձանները պատկերված են մերկ: Դրանք միաձույլ են՝ պատրաստված բարձրորակ բրոնզից: Դետալները բավականին մանրամասն են արված՝ ի տարբերություն դեմքի:

Կանանց արձանիկները վզին կրում են ոլորուն հաստ մանյակ: Առաջ մեկնած ձախ ձեռքում բռնել են տանձաձև սափոր՝ արմունկում ծալված, աջում` եղջյուրաձև գավաթ: Տղամարդիկ արդեն պատկերված են զինվորի տեսքով և շատ ակնհայտ երևում են նրանց զենքերը՝ վահաններ, դաշույններ և նիզակներ, ինչպես նաև՝ գլխի վրա սաղավարտներ»,-ասաց հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը:

Մասնագետն ընդգծեց՝  արձանիկների հայտնաբերումը Հայաստանի տարբեր տարածաշրջաններից խոսում է մեկ ընդհանուր պաշտամունք ունենալու մասին: 

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բարսեղյան 

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում