Մշակույթ

Վեպ՝ գրականության բոլոր երկրպագուների համար. հայերեն է թարգմանվել «Անոմալիա» բեսթսելերը

3 րոպեի ընթերցում

Վեպ՝ գրականության բոլոր երկրպագուների համար. հայերեն է թարգմանվել «Անոմալիա» բեսթսելերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից ֆրանսիացի գրող Էրվե լը Տըլյեի ամենաաղմկահարույց «Անոմալիա» վեպը, որը համաշխարհային բեսթսելեր է, թարգմանվել է հայերեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որ հնարավորություն է տալիս առերեսվելու ինքներս մեզ հետ անցյալում, կամ էլ գուցե ապագայում, «Զանգակ» հրատարակչությունը ընթերցողների լայն շրջանակին ներկայացվեց սեպտեմբերի 7-ին Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում։

«Զանգակ»-ի թարգմանական բաժնի պատասխանատու-խմբագիր Հասմիկ Եղիազարյանը  տեղեկացրեց, որ գիրքը լույս է տեսել 2020 թվականին, հենց այդ տարի արժանացել է Գոնկուրյան մրցանակի և արագ դարձել բեսթսելեր։ «Այս գիրքը բարձրաձայնում է բազմաթիվ հարցեր, խնդիրներ, որոնք արդիական են և անհանգստացնում են աշխարհի բնակիչների մեծ մասին։ Կան հետաքրքիր կերպարներ, սյուժետային գծեր։ Այս գիրքը ստիպում է մտածել, անդրադառնում է սոցիալական, էթիկական, բարոյական, հոգեբանական խնդիրների»,-նշեց նա։

Վեպը կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլլեր և գիտաֆանտաստիկական վեպ, որը տնտղում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր սահմանները։ 

Եղիազարյանը կարծում է՝ գրական տարբեր ժանրերի առկայությունը վեպում այն ավելի գրավիչ է դարձնում ընթերցողների լայն շրջանակի համար։ 

Գրքի թարգմանիչ Լուսինե Մուսախանյանը վստահ է՝ այս վեպը կարող է դուր գալ բոլորին՝ անկախ տարիքից, սոցիալական դիրքից, սեռից։ «Սա բազմաժանր ստեղծագործություն է, ինչն այն հետաքրքիր է դարձնում։ Վեպը նաև բարձրացնում է հասարակական խնդիրներ, անդրադառնում խոցելի թեմաների, որոնք բոլորին դիպչում են։ Նման թեմաներից են գենդերային անհավասարությունը, ռասայական խտրականությունը, կրոնական անհանդուրժողականությունը, երիտասարդ և հասուն տարիքի անհատների միջև ամուսնական փոխհարաբերությունները, արյունապղծությունը և այլն»,-մանրամասնեց թարգմանիչը։

Մուսախանյանի համար գիրքը թարգմանելն ինչ-որ չափով փորձություն է եղել, քանի որ Էրվե լը Տըլյեն լայն մտահորիզոն ունի և տարբեր ոլորտների  մասին է խոսում՝ գիտություն, փիլիսոփայություն, մշակույթ և այլն։ «Այս հեղինակի գրքերը թարգմանելու համար պետք է կարողանաս թաթախվել այդ բոլոր ոլորտներում ու հասկանալ, թե  ինչ է ուզում նա ասել։ Աշխատելիս բազմաթիվ բացահայտումներ արեցի։ Հատկապես գիտության և մշակույթի բնագավառներում արված հղումներն ինձ էլ բավականին հարստացրին»,-շեշտեց նա։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում