Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2024

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքն առաջին տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը երկրորդ տեղում է։ Սա գիրք է մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Պարզ ու երբեմն, նույնիսկ, զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Երրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» չորրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ը հինգերորդ տեղում է։ Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։ 

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Ռոբին Շարմայի Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր Ֆերարին գիրքը յոթերորդ տեղում է։ Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան:

Ջոն Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» ութերորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:

Իններորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։ 

Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը տասներորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
10Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ» Էդիթ Պրինտ94
2+6Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»Դավինչի77
3-1Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը»Դավինչի75
40Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»Դավինչի74
5-2Թովմաս Առաքելյան, «Ճանապարհ» Newmag63
6-1Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները»Դավինչի59
7*Ռոբին Շարմա, Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»Բուկինիստ59 
8-1Ջոն Ստրելեքի, «Կյանքի հինգ մեծ նպատակները»Դավինչի54
9-3Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»Անտարես54
10*00-00165858_1.jpgԴեյլ Քարնեգի, «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել»հեղ հրատ50

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում