Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներ»-ը՝ կրկին առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2024

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներ»-ը՝ կրկին  առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականերն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները, գործում է վանական միաբանություն, և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:

Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը երկրորդ տեղում է։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Երրորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ:  

Չորրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը հինգերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Վեցերորդ տեղում է Վահան Թոթովենցի «Բաքու»-ն: Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը յոթերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Ութերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

«Պարույր Սևակ- 100» ժողովածուն իններորդ տեղում է։ Ժողովածուում ընդգրկված են Պարույր Սևակի «Անցյալը ներ­կայացած» ինքնակենսագրությունը, տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծությունները և «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Ֆրանչեսկա դա Ռիմինի» պոեմները: Որոշ շտկումներ են կատարվել ձեռագրի հետ համեմատելով:

Գոհար Նավասարդյանի «Կիսատ օրագիրը» տասներորդ տեղում է։ Լինում են իրավիճակներ, երբ պայքարելն անհնար է թվում, կյանքը կիսվում է երկու մասի, անցյալն անդադար դեպի իրեն է կանչում, անորոշության մեջ սպասելուց բացի ոչինչ չի մնում անել, իսկ ապագան մշուշոտ է... Այսպիսի դրություն էր 2023թ. Շրջափակված Արցախում, որի բնակիչներն անում էին հնարավորն ու անհնարինը՝ այս հողում ապրելու իրավունքը վաստակելու համար, բայց և ոչինչ չէին կարողանում փոխել, որովհետև ամեն ինչ իրենց փոխարեն արդեն իսկ որոշված էր... Գիրքը շրջափակումից օրեր առաջ Արցախ գնացած մի երևանցի աղջկա մասին է, ով սիրելիին խոստացել էր, որ բաժանվում են ընդամենը մեկ ամսով, բայց ճանապարհը, որով անարգել հեռացել էր սիրած մարդուց, փակվում է՝ դառնալով իրենց անժամկետ բաժանման պատճառը: Վիպակի գործողություններն ինչքան էլ կատարված իրողությունների շրջանակում են ծավալվում, այնուամենայնիվ, ինչպես հեղինակի բոլոր գրքերը, այս մեկը ևս համեմված է սիրո, կարոտի, սպասման թեմաներով: Մտքում անդադար իր երեք կարոտները՝ կարոտ դեպի սիրելին, դեպի ընտանիքն ու դեպի հայրենի քաղաքը՝ հերոսուհին փորձում է հաղթահարել շրջափակման առաջացրած դժվարությունները: Դժվարություններ, որոնց չբախվելը սովորական է եղել մի ժամանակ, բայց որոնց առկայությունն այժմ կյանքը դարձրել է գոյության պայքար: Դժվարություններ, որոնք հաղթահարում էր արցախահայությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու հույսով, բայց պայքարը, ցավոք, ավարտվեց Արցախի կորստով ու գաղթի ճանապարհով:

 

ՏեղՓոփ․Գիրք Հրատ․Քանակ
10Ռուբեն Եսայան, «Վանականերն ունեն գաղտնիք»հեղ հրատ203
20Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ»Դավինչի150
3*Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ»  Դարակ60
4*Գրիգոր Քեշիշյան, «Շելա»Դավինչի59
5*Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» Դավինչի44
6*Վահան Թոթովենց, «Բաքու»Էդիթ Պրինտ30
7-4Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» հեղ հրատ30
8*Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես»հեղ հրատ29
9Նոր«Պարույր Սևակ- 100» հեղ հրատ28
10-5Գոհար Նավասարդյան, «Կիսատ օրագիրը»հեղ հրատ20

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում