Մշակույթ

Նազիկ Ավդալյանի կյանքի լուսավոր և մութ էջերը՝ չեմպիոնին նվիրված ֆիլմում. «Մեդալի հակառակ կողմը» արդեն մեծ էկրանին է

7 րոպեի ընթերցում

Նազիկ Ավդալյանի կյանքի լուսավոր և մութ էջերը՝ չեմպիոնին նվիրված ֆիլմում. «Մեդալի հակառակ կողմը» արդեն մեծ էկրանին է

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական կինոնկարը լայն լսարանին է ներկայացնում անվանի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և՛ վերելքները, և՛ վայրէջքները, բացահայտում էջեր, որոնց հնարավոր է՝ անգամ Ավդալյանի մտերիմները ծանոթ չեն։

Ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք ստանալով՝ Նազիկ Ավդալյանը յոթ տարի դուրս է մնում մեծ սպորտից, հետո վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով՝ եթե կան կամք և աննկուն ոգի, անհնար ոչինչ չկա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ցուցադրությունից առաջ կինոնկարի գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարի հեղինակ Աննա Մաքսիմը, որ նաև մարմնավորում է Նազիկ Ավդալյանին, ասաց՝  պատմությունը բարձրացնում է հարցեր, տալիս է որոշ պատասխաններ։ «Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել, ինչքանո՞վ է իմ ցանկությունը կարևոր նաև Հայաստանի համար։ Ըստ իս՝ Նազիկ Ավդալյանը պատասխանել է այդ հարցերին»,-շեշտեց Աննա Մաքսիմը։

Նա խոստովանեց՝ շատ բան է դրել խաղատախտակին, որ այդ գաղափարները տարածվեն, և լինի արվեստի, մտքի և հոգու հեղափոխություն։

Դերասանուհին միշտ համարձակ է և փորձում է առաջնորդվել Նիցշեի խոսքերով. «Եթե սկսել ես, չպետք է կասկածես»։ Նա շատ է մարզվել, որպեսզի կարողանա հասնել արդյունքի և հավատացնել, որ իրական մարզիկ է։ «Գյումրիում նկարահանումների ժամանակ պետք է ցատկեի 75 սմ շարժվող ծանրաքարի վրա։ Այդ ժամանակ Աստծուն խնդրեցի, որ ծունկս չջարդեմ, և նկարահանումները կանգ չառնեն»,-պատմեց Աննա Մաքսիմը։

Նազիկ Ավդալյանը անկեղծորեն նշեց՝ շատ հուզված է։ «Երբ կողքից ես նայում  կյանքիդ, տեսնում դերասանների, որոնք ներկայացնում են այն ամենն, ինչի միջով անցել ես, տարբերություն տեսնում ես, բայց կարևորը գաղափարն է։ Շատ ուրախ կլինեմ, որ իմ անցած ճանապարհով կարողանամ օգտակար լինել որևէ մեկին»,-ասաց մարզիկը։ 

Ավդալյանին մի քանի անգամ առաջարկել են իր մասին ֆիլմ նկարահանել, սակայն չի համաձայնել։ Աննա Մաքսիմին ընդառաջել է, քանի որ  նրա պատկերացումները ֆիլմի շուրջ շատ լուրջ են եղել։ «Իրականում մտածում էի, որ շատ դժվարություններ կլինեն։ Աննային ասացի՝ ծանրաձողը բարձրացնելը, տեխնիկային տիրապետելը հեշտ չէ։ Պարապմունքների ընթացքում Աննային ասում էի՝ գուցե դադարեցնի մարզումները, ֆիլմը չնկարահանվի, սակայն Աննան շատ ուժեղ մարդ է և չհանձնվեց»,-շեշտեց Նազիկ Ավդալյանը և խոստովանեց՝ հոգու խորքում միշտ էլ ցանկացել է, որ իր մասին գեղարվեստական կինոնկար ստեղծվի, քանի որ այդպես իր պատմությունն ավելի հասանելի կլինի հանրությանը։

Կինոնկարում ներկայացվում են Ավդալյանի սիրո պատմությունը, ամուսնությունն ու հիասթափությունները։ Չեմպիոնը փորձել է երբեք չհանրայնացնել իր անձնական կյանքի մանրամասները, քանի որ իր խնդիրները, կյանքի գեղեցիկ պահերը միայն իրենն է համարում։ «Այն, ինչ կա կինոնկարում, չափազանց անձնական է, նույնիսկ ամենամտերիմ մարդկանց շատ բան չեմ պատմել, սակայն անհնար էր անկեղծ կինոնկար ստեղծել առանց անձնական կյանքին վերաբերող հատվածների»,-հավաստիացրեց ծանրորդը։

Կինոնկարում Նազիկ Ավդալյանի մարզչի՝ Արտաշես Ներսիսյանի դերը կերտել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Նա հրաշալի ցույց է տալիս այն մեծ դերակատարումը, որ ունեցել է մարզիչը Ավդալյանի կայացման, հաղթանակների գործում։ Ալեքսանյանը կարծում է՝ եթե բժիշկը ֆիզիկապես է բուժում, մարզիչը՝ հոգեպես։ Ըստ դերասանի՝ մարզիչը պետք է  կարողանա խաղալ մարզիկի հոգու նուրբ լարերի հետ և նեցուկ կանգնի նրան յուրաքանչյուր բարդ վիճակից հանելու համար։ 

«Մենք գիտենք, որ արվեստը զոհեր է պահանջում, ուստի ամեն զոհ տվեցինք նման ֆիլմ ստանալու համար։ Մենք դեռ չենք գիտակցում, թե ինչ լեգենդի հետ գործ ունենք։ Նազիկ Ավդալյանը կարող է օրինակ լինել թե՛ երեխաների, թե՛ դպրոցականների, թե՛ սպորտսմենների համար։ Ֆիլմում խոսվում է մարդկային զգացմունքների, հույզերի, ապրումների, սիրո մասին։ Եթե մեծ սեր չլինի, չես կարողանա հասնել այն ամենին, ինչին ձգտում ես»-ընդգծեց դերասանը։

Սոս Ջանիբեկյանն էլ մարմնավորում է Ավդալյանի ամուսնուն։ Նա սիրով է նկարահանվել ֆիլմում, քանի որ կարևորում է իրական հենքի վրա ստեղծված  գեղարվեստական գործերը, կենսագրական պատմությունները։ «Ֆիլմը կարևոր է նաև  հայ կնոջ այդ տեսակը ներկայացնելու համար։ Սա ոչ թե կարիերիստ, այլ չհանձնվող կնոջ մասին կինոնկար է։ Նա հետևում է իր առաքելությանը։ Հավանել եմ նաև սցենարը»,-ասաց Ջանիբեկյանը։

Ֆիլմում խաղում են նաև Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ 

Աննա Մաքսիմի խոսքով՝ գեղարվեստական արժեք ստանալու համար նման դերասանական աստղաբույլ էր հարկավոր։ «Նրանք իրենց աշխատանքով տարիներ ի վեր ապացուցել են, որ պրոֆեսիոնալներ են։ Երբ դերակատարների ընտրությունն էր տեղի ունենում, ինձ անընդհատ հարցնում էին՝ չե՞մ վախենում շուրջս այդքան կայացած արտիստների համախմբել, որովհետև գուցե նրանց ֆոնին դժվար լինի երևալ, բայց յուրաքանչյուր աստղի փայլելու համար սև ֆոն է պետք։ Շնորհակալ եմ գործընկերներիս, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն փայլեց իր կերպարով, այլև օգնեց ինձ իմ կերպարը կերտելու հարցում»,-շեշտեց Աննա Մաքսիմը։

Ֆիլմի վերջին դրվագներում ներկայացվում է Նազիկ Ավդալյանի հաղթանակը ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը համընկնում է 2016 թվականի քառօրյա պատերազմի հետ։ 

Դահլիճում ներկաները շունչները պահած հետևում էին ֆիլմում իրադարձությունների զարգացմանը։ Նրանք ևս մեկ անգամ բուռն ծափահարություններով արձագանքեցին Նազիկ Ավդալյանի փայլուն հաղթանակին՝ վերապրելով այդ անմոռանալի ակնթարթները։

Ֆիլմի արտասահմանյան պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի AGBU Performance Art Center-ում։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում