Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. 9-13-րդ դարերին թվագրվող ապակյա առարկաները մեծ հռչակ են վայելել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլ նաև տարածաշրջանում

3 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. 9-13-րդ դարերին թվագրվող ապակյա առարկաները մեծ հռչակ են վայելել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլ նաև տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագիտական տարբեր հուշարձաններում հայտնաբերված  9-13-րդ դարերին թվագրվող տարատեսակ ապակյա առարկաները խոսում են տեղական ապակեգործական արտադրանքի տարածվածության և ոլորտի զարգացած լինելու մասին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Համազասպ Աբրահամյանը նշեց՝ ապակեգործությունը Հայաստանում շատ հին պատմություն ունի։ Միջնադարյան ապակյա անոթներ և իրեր են գտնվել Դվինում, Անիում, Գառնիում, Տիգրանակերտում և այլ հուշարձաններում:  

«Ապակու արտադրությունը Հայաստանի քաղաքներում սովորական երևույթ է եղել։ Դա երևում է ոչ միայն պեղումների ժամանակ հայտնաբերված արհեստանոցներից, մեծ թվով տեղական ապակու առկայությունից, այլև մատենագրական տեղեկություններից։ Օրինակ, ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ օրենքով նախատեսված է եղել, որ մետաղների ու այլ հանածոների հետ միասին իշխաններին էին պատկանում նաև նրանց տիրույթներում գտնվող աղը, բորակը, նավթը, կուպրը և ապակին, այսինքն՝ ապակու հումքը»,- նշեց մասնագետը:

Ըստ նրա՝ ավազից, գայլախազից կամ  օբսիդաքարից ապակի  ստանալու համար քարը հատուկ բովերի վրա տաքացնելու և վրան սառը ջուր լցնելու, ինչպես նաև ծեծելու եղանակով մանրացնում էին։ Քանիցս բովելու և մանրացնելու եղանակով գայլախազը դարձնում էին սպիտակ փոշի։  

«Այդ գործընթացը կոչվում էր տվյալ նյութը կրացնել։ Կրացրած ավազը, գայլախազը կամ օբսիդիանը հալում էին, հետը խառնելով այլ նյութեր, ստանում ապակու հեղուկ զանգված, որից պատրաստում էին տարբեր ձև ունեցող առարկաներ։ Եթե անհրաժեշտ էր ապակուն տալ այս կամ այն գույնը, ապա ավելացնում էին համապատասխան գույն առաջացնող տարբեր մետաղների օքսիդներ»,-ասաց Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահը:

Մասնագետի խոսքով՝ հնագիտական տարբեր հուշարձաններում հայտնաբերվել են տարատեսակ առարկաներ և ապակու խարամներ, որոնք խոսում են տեղական ապակեգործական արտադրանքի տարածվածության մասին:

«Օրինակ՝ Դվինում արտադրված ապակյա առարկաները տարածված են եղել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև, լինելով արտահանվող առարկաներ, տարածվել են Մետաքսի ճանապարհի տարբեր երթուղիներով և մեծ հռչակ են ունեցել տարածաշրջանում»,- նշեց գիտաշխատող-ֆոնդապահը:

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում