Տնտեսություն

Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական սպանդանոցի ձեռքբերման 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը

4 րոպեի ընթերցում

Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական սպանդանոցի ձեռքբերման 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը կսուբսիդավորի լիզինգով շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը: Բացի այդ՝ պետությունն աջակցության ծրագրի շրջանակներում այսուհետ կփոխհատուցի լիզինգի տոկոսադրույքի 12 տոկոսը՝ 10 տոկոսի փոխարեն:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում: 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց, որ գործող որոշման համաձայն՝ կառավարությունը ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր ունի: Ծրագրի համաձայն՝ մեկ տնտեսվարողի համար լիզինգի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը: Այսինքն՝ եթե տնտեսվարողն ունի 1 մլրդ դրամի ծանրաբեռնվածություն, չի կարող  այլ ագրոպարենային սարքավորումներ ձեռք բերել: 

«Տնտեսվարողների հետ մեր վերջին քննարկումների, նաև ընդհանուր զարգացումների հիման վրա տեսնում ենք, որ տնտեսվարողները բավականին լավ օգտվել են այս ծրագրից, բավականին լավ մարումներ կան: Դա իր արդյունքներն է տվել տնտեսության արտադրողականության, արտահանման և բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ նրանք այդ շեմը բարձրացնելու պահանջ են դնում: Եվ մենք առաջարկում ենք այդ 1 մլրդ-ի շեմը բարձրացնել 2 մլրդ-ի»,-ասաց նախարար Պապոյանը:

Հաջորդ կարգավորումը սպանդանոցային տնտեսություններ հիմնելուն է վերաբերում, մասնավորապես շարժական մոդուլային սպանդանոցներին: Այս դեպքում սահմանաչափը 200 մլն դրամ է: Առաջարկվում է սահմանաչափը բարձրացնել՝ բոլորի համար համաչափ դարձնելով 2 մլրդ դրամը:

«Մեր դիտարկումներով՝ լիզինգի տոկոսադրույքը 13.5-15 տոկոս է: Եվ մենք փոխհատուցում ենք 10 տոկոսը: Առաջարկում ենք փոխհատուցել 12 տոկոսը: Եթե դիտարկենք, որ ամենատարածված տոկոսադրույքը հիմա 14 տոկոսի սահմաններում է, ապա ստացվում է, որ մեր տնտեսվարողներն ընդամենը 2 տոկոսով են ձեռք բերելու այդ սարքավորումները: Արտարժութայինի դեպքում դոլարային վարկերը 8-8.5 տոկոս են, փոխհատուցում է 6 տոկոսը, առաջարկվում է փոխհատուցել 7 տոկոսը»,-ասաց նախարարը:

Պապոյանը նկատեց՝ բազմիցս դժգոհություններ են եղել, որ սպանդանոցային մորթ չի կատարվում, քանի որ չկա սպանդանոց, կամ շատ հեռու է և ձեռնտու չէ կենդանուն տեղափոխելը: «Դրա լուծման ուղին, կարծում ենք, որ մեր այս ծրագիրը կարող է լինել»,-նշեց նախարարը:

Այս պահին լիզինգի ձեռքբերման համար գործում է 20 տոկոս կանխավճար: Պապոյանը տեղեկացրեց, որ շարժական, մոդուլային սպանդանոցի ձեռքբերման դեպքում պետությունը կսուբսիդավորի կանխավճարի 80 տոկոսը: Փաստացի ստացվում է, որ տնտեսվարողը 4 տոկոս կանխավճար է կատարելու: 

Մարզպետարանները կհրապարակեն այն բնակավայրերի ցանկը, որտեղ կցանկանան, որ այդ ծրագրերից օգտվեն, որտեղ սպանդանոցների խնդիր կա:

«Եթե մարդը գալիս, դիմում է գրում, պարտավորություն ստանձնում, որ այդ տարածքում է իր գործունեությունն իրականացնելու, ապա մենք տալու ենք կանխավճարի սուբսիդավորումը»,-նշեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտում զարգացման ծրագրերն իրենց ընթացքով հաճախ փոխում են կառավարության ընկալումը: «Ամենասկզբում, երբ այս աջակցության ծրագրերն իրականացնում էինք, ցանկանում էինք հնարավորինս ցածր շեմեր սահմանել, ցանկանում էինք հնարավորինս սոցիալական ուղղվածություն տալ: Հետո մենք տեսանք, որ այդ ծրագրերից ոչ ոք չի օգտվում: Եվ շփումների ընթացքում տեսանք, որ օգտվել ցանկացող բազմաթիվ մարդիկ չեն կարողանում, որովհետև մենք փոքր սահմանաչափեր ենք դրել: Նրանք, որոնք ուզում են աշխատել, չեն կարողանում, նրանց, ում ուզում ենք այդ ծառայությունը մատուցել, չեն ուզում: Հետևաբար` մենք քայլ-քայլ փոխում ենք մոտեցումը: Եթե մարդն աշխատում է, ավելին է ուզում անել, մենք պետք է իրենց աջակցենք»,-ասաց Փաշինյանը:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում