Քաղաքականություն

Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները ներկայիս մարտահրավերների ֆոնին. ԳԱԱ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով

9 րոպեի ընթերցում

Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները ներկայիս մարտահրավերների ֆոնին. ԳԱԱ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան շատ երկրների գիտական և բուհական կենտրոնների ներկայացուցիչներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջույնի խոսքում նշեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են պատմական նշանակություն ունեցող այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել հետխորհրդային շրջանում և մեր տարածաշրջանում։ Նրա բնորոշմամբ՝ Երևանն այսօր վերածվել է հասարակագիտական քննարկումների տարածաշրջանային հարթակի։

«Ինչպես վկայում է գիտաժողովի հավակնոտ խորագիրը, խոսքը հիմնականում վերաբերում է պատմամշակութային հիմնախնդիրներին, այն բավականին խճճված ու երբեմն էլ բարդ ամբողջությանը, որը ձևավորվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Սա մեր հիմնադրամից կողմից 2024 թվականին կազմակերպված երրորդ գիտական միջոցառումն է։ Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է նաև պատմամշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրների վերհանումը, և հատկապես հետխորհրդային շրջանում զեղծարարություններին հակադարձումն ու պատմամշակութային իրողությունների վերհանումը»,-մանրամասնեց Ռոբերտ Ղազարյանը։ 

Հիմնադրամի տնօրենի դիտարկմամբ՝ մեր տարածաշրջանում այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք շատ մտահոգիչ են, քանի որ իրականացվում է պատմական իրադարձությունների, փաստերի կեղծման, ձևափոխման կազմակերպված քաղաքականություն։ 

«Փորձ է արվում յուրացնել, օտարել հատկապես տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։ Դա միայն պարզ կեղծարարություն չէ, այլև քաղաքակրթական արժեքների դեմ իրականացված հանցագործություն, փորձ՝ նաև ձևախեղելու սերունդների հիշողությունը, պատմական ժառանգությունը։ Մեր գիտաժողովի խնդիրն է այդ դեպքերի վերհանումը, քննարկումն ու այդ ամենի վրա ուշադրության սևեռումը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը դարձավ կարևորագույն խնդիրներից մեկը, քանի որ Ադրբեջանը պետական մակարդակով առանձնահատուկ թիրախավորել է հայկական պատմամշակութային ժառանգությունը, այն դարձրել ոչնչացման, կողոպուտի և վանդալիզմի թիրախ»,-ասաց «Գեղարդ» հիմնադրամի տնօրենը։

Ղազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանը պետական մակարդակով միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։

«Սակայն Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմը նոր երևույթ չէ։ Այն իր դրսևորումներն է ունեցել նախ խորհրդային տարիներին։ Օրինակ՝ Դեռևս ԽՍՀՄ-ի օրոք սկսված Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման գործընթացն ավարտվեց 2005-2006 թվականներին։ Այսօր նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում նաև Արցախի օկուպացված տարածքներում։ Մեր գիտաժողովի նպատակներից մեկն է վերստին խոսել, քննարկել այդ երևույթները ակադեմիական հաստատությունների, բուհական կառույցների  և մշակութապահպան միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նորից հրավիրել տեղի ունեցող այդ երևույթների վրա։ Ադրբեջանը պետք է հարգի և հետևի իր իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին, հռչակագրերին և դրանցից բխող պարտավորություններին, այն է՝ պահպանել իրենց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության իսկությունն ու անխաթարությունը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից»,-եզրակացրեց Ռոբերտ Ղազարյանը։ 

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանն իր հերթին նշեց, որ պատմական հիշողությունն ունի անգնահատելի նշանակություն, որի հենքով ենք կառուցում ներկան և մեր հայացքն ուղղում ապագային։ 

«Ազգերի, պետությունների ու ժողովուրդների, նույնիսկ յուրաքանչյուրիս համար անցյալի հիշողությունն ու ժառանգությունը կարևորագույն հենասյուներն են։ Հասարակության հավաքական հիշողության ձևավորման համար, թերևս, ամենաէականը մշակութային ժառանգությունն է, որը ոչ միայն միավորում է սերունդներին, տալիս հազարամյակների ընթացքում ժողովուրդների ինքնության գլխավոր բանաձևը, այլև ամրացնում և գոյաբանական իմաստ է հաղորդում կյանքին։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է ոչ միայն պետականության, ֆիզիկական գոյության, այլև մշակույթի պահպանության համար։ Անկախ պատմական դառը շրջադարձերից՝ հայ ժողովուրդը ջանք չի խնայել իր մշակութային ժառանգությունը գնահատելու, արժևորելու և սերունդներին փոխանցելու համար»,-ասաց Միքայել Յալանուզյանը։

Նրա դիտարկմամբ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը և անկախ պետությունների ստեղծումը ՀՀ-ի և հայ ժողովրդի համար ուղեկցվում էին ծանր պայքարով, արյունալի պատերազմով, Հայաստանից դուրս իրենց երբեմնի պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների բռնագաղթով, տեղահանությամբ և մշակութային կորստով։ 

«Որքան էլ դժվար լինի, մեր գիտական հանրությունը շարունակում է ուսումնասիրել հայ պատմամշակութային ժառանգությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։ Հրատարակվում են գրքեր, հոդվածներ, մենագրություններ, նկարահանվում են փաստագրական ֆիլմեր, որոնք վերհանում են հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը, բարձրաձայնում այն անարդարությունն ու բարբարոսական վերաբերմունքը, որին վերջին տասնամյակներում բախվում են մեր հայրենակիցներն ու հայկական պատմամշակութային ժառանգությունը։ ՀՀ-ի հակառակորդները ֆիզիկական ոչնչացումից ու նվաճումից բացի, ջանք չեն խնայել և հիմա էլ չեն խնայում՝ կեղծելու, խեղաթյուրելու հայոց պատմությունն ու մշակույթը՝ հիանալի հասկանալով, որ անցյալի մշակութային շերտերի կորուստը հանգեցնելու է ինքնության խեղման նաև ներկայում»,-ասաց Յալանուզյանը։

Նա հորդորեց կրկնապատկել համատեղ ջանքերը՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության ուսումնասիրության պաշտպանության համար։ Նրա համոզմամբ՝ այդ կարևոր առաքելության հերթական քայլերից մեկն էլ անցկացվող գիտաժողովն է։ 

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանն էլ նշեց, որ համաշխարհային մշակության ժառանգության մաս կազմող ժողովուրդներն ունեն իրենց արժեքները վերագտնելու, ուսումնասիրելու և պահպանելու առաջնահերթություններ, որոնք պարբերաբար ենթարկվում են փոփոխության՝ հիմնականում ժամանակի պահանջների կամ որևէ կարևոր իրադարձության հանգամանքներով պայմանավորված։

«Այդպիսի իրադարձություն էր նաև Խորհրդային Միության փլուզումը, երբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները հայտնվեցին մի իրավիճակում, երբ կարիք ունեցան վերանայելու իրենց մշակութային ժառանգության մարտահրավերները, առաջնահերթությունները և 1990-ական թվականներից սկսած՝ լծվեցին այդ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը։ Որոշ հանրապետություններ փորձեցին վերաիմաստավորել իրենց մշակութային արժեքները, որոնց հիմնական մասը գնաց այդ արժեքների վերաիմաստավորումը փնտրելով հարևանների հաշվին։ Մեր պարագայում, ի պատիվ մեր գիտական հանրությանը, մենք փորձեցինք համաշխարհային մշակութային մեծ համակարգում գտնել մեր տեղը և տարեցտարի ամրապնդել մեր դիրքերը, որի հիմնական առհավատչյան և ապացույցն այն է, որ աշխարհի բազմաթիվ հեղինակավոր պարբերականներում մեր գիտական հանրությունը հանդես է գալիս հրապարակումներով, և աշխարհը գիտի մեր մշակութային արժեքների, մարտահրավերների ու առաջնահերթությունների մասին»,-նշեց Կարեն Փահլևանյանը։  

Նրա համոզմամբ՝ գիտական հանրույթի մոտ ամբարված ասելիքի միակ սպառման հարթակը նմանատիպ միջոցառումների կազմակերպումն է։ 

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում