Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. 1232 թվականի բրոնզե կաթսան միջնադարյան Հայաստանում գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշ

2 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. 1232 թվականի բրոնզե կաթսան միջնադարյան Հայաստանում գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1232 թվականով թվագրվող բրոնզե կաթսան հայտնաբերվել է Հաղարծինի վանքում և համարվում է գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշ:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի կրտսեր գիտաշխատող Դիանա Գրիգորյանը նշեց, որ բրոնզե  կաթսայի  տրամագիծը 110 սմ է, բարձրությունը 83 սմ, իսկ քաշը՝ 350 կգ:

Գրիգորյանի խոսքով՝  կաթսան գտնվել է 1884 թվականին Հաղարծինի վանքի բարեկարգման ժամանակ: Այն եղել է հողի մեջ թաղված:  Ուշագրավ է, որն նման կաթսաներ շատ տարածված էին միջնադարյան Հայաստանում, հայտնի են Դվինի, Անիի և Ամբերդի ամրոցների պեղումներից:

Մասնագետը նշեց, որ կաթսայի շուրթին պահպանված է արձանագրություն, համաձայն որի՝ 1232 թվականին կաթսան իր միջոցներով ձեռք է բերել  Զոսիմա քահանան: 

«Կաթսան միջնադարյան Հայաստանի  գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ և բացառիկ  նմուշ է: Պատկանում է, այսպես կոչված, խաչ-կաթսաների տիպին: Ձուլվել է առանձին կտորներով: Հատակը միաձույլ է: Իրանը՝ բռնակներով և շրթնապսակով, ձուլված է չորս մասից: Ոտքերը և արձանագրությամբ շրթնապսակը նույնպես ձուլվել են առանձին-առանձին: Ձուլածո բոլոր կտորները միացվել են զոդանյութով (մակերեսին պարզորոշ երևում են միացման գծերը): Կաթսան գնդի ձև ունի և հենված է կենդանու թաթերի նմանվող երեք ոտքերի վրա»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ իրանի վրա տեղադրված չորս կանթերն ուղղահայաց դիրքով կանգնած էգ առյուծի ձուլածո քանդակներ են, նրանց հարևանությամբ առյուծի մեկական գլուխներ են: 

«Ըստ պահպանված հետքերի՝ վերջիններս վզին ունեցել են ձուլածո օղակաձև բռնակներ: Կաթսայի լայն շրթնապսակը հարդարված է խաչաձև տեղադրված ելուստներով, որոնցից մեկը ցանցածածկով է և ջրահեռացման փողրակով»,- նշեց թանգարանի կրտսեր գիտաշխատողը:

Կաթսան 1931 թվականին Պատմության թանգարան է տեղափոխվել Էջմիածնի թանգարանից: 

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան 

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում