ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացումն արտագաղթի ծավալի ավելացման պատճառ կդառնա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայակական գագաթնաժողովում, անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման դեպքում Հայաստանի արտագաղթի ցուցանիշների մեծացման հավանականությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել հարցի վերաբերյալ, թե այդ քաղաքականությունը որդեգրած պետություններում որքանով է արտագաղթի ալիք բարձրացել։
«Կարծում եմ՝ մեզ համար մոտ օրինակ է Վրաստանը, որտեղ մեծ արտագաղթային երևույթներ չեն նկատվել։ Ընդհակառակը, երբ մարդիկ արձանագրում են, որ իրենք ազատորեն կարող են և այսպես ասած, մեծ հնարավորություններ ունեն, ապա գնալ-մնալու ցանկությունն ավելի է փոքրանում։ Այսօր Եվրոպայում և Միացյալ Նահանգներում կան հազարավոր մարդիկ, ովքեր չեն վերադառնում Հայաստան, որովհետև դժվարությամբ են հասել այնտեղ և եթե վերադառնան, այլևս չեն կարողանալու գնալ»,-պարզաբանեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արտագաղթի տրամադրության ամենակարևոր պատճառը ապագայի անորոշություններն են, որոնք, նվազեցնելու դեպքում հնարավոր է հասնել նաև արտագաղթի կրճատմանը։