Հայաստան

Ամենաքաղցր իրադարձությունը՝ Խաչիկ գյուղում․ Գաթայի փառատոնը կհյուրընկալի հազարից ավելի այցելուի

4 րոպեի ընթերցում

Ամենաքաղցր իրադարձությունը՝ Խաչիկ գյուղում․ Գաթայի փառատոնը կհյուրընկալի հազարից ավելի այցելուի

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն ավանդույթ դարձած Գաթայի փառատոնն այս տարի ներկայանում է առավել ընդգրկուն ծրագրով ու անակնկալներով։ Փառատոնն ամեն տարի անցկացվում է սեպտեմբերի 3-րդ շաբաթ օրը։ Այս տարի այն համընկավ Հայաստանի Անկախության օրվա հետ, արդյունքում սեպտեմբերի 21-ին Խաչիկ գյուղում կրկնակի տոն է դառնում։ Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ համայնքի բնակիչների համար սա սպասված իրադարձություն է։ 

«Ամեն անգամ համայնքի բնակիչներն անհամբերությամբ են սպասում փառատոնին։ Նրանք շատ լուրջ են վերաբերում նախապատրաստական աշխատանքներին և ձգտում են ամեն տարի ներկայանալ նոր ձևավորմամբ, հետաքրքրիր առաջարկներով։ 40-ից ավելի տաղավարներում բնակիչները կներկայանան գյուղական բերք ու բարիքով, հետաքրքրիր ուտեստներով։  Գլխավոր զարդը լինելու է գաթան։ Այո, այդ օրը Խաչիկ գյուղում գաթայի պակաս չի զգացվելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, ներկայացվելու են բազմատեսակ գաթաներ, նույնիսկ այնպիսի միջուկներով, որոնք համտեսած չեք լինի»,-ասաց Գևորգ Սիմոնյանը։

«Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ համերգային մեծ ծրագիր է սպասվում։ Ելույթ են ունենալու հայկական շոու բիզնեսի նշանավոր երգիչներ, ինչպես նաև Խաչիկ համայնքի պարային ու երաժշտական խմբերը։ Լինելու են վարպետության դասեր, այցելուները տեղում հնարավորություն կունենան պատրաստել անվանական գաթաներ, թոնրում թխել և իրենց հետ վերցնել։ 

«Ամենակարևոր իրադարձությունը լինելու է 4 մ տրամագծով գաթա թխելը։ Ինչպես գիտեք, նախորդ անգամ 3 մ 70 սմ տրամագծով է թխվել գաթան ու գրանցվել «Դյուցազնագրքում» (խմբ․Հայաստանի ռեկորդների, արտասովոր ունակություններով օժտված ռեկորդակիրների գիրք)։ Ավանդույթի համաձայն գլխավոր գաթայում լինելու են մետաղադրամներ։ Այսպիսով, այցելուները կարող են համտեսել ու տանել իրենց հաջողության մետաղադրամները»,-ասաց Արուս Ներսիսյանը։  

«Արենի փառատոն» հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանն, ով Հայաստանում անցկացվող բազմաթիվ փառատոնների կայացման գործում մեծ ավանդ ունի, նշեց, որ իրադարձային տուրիզմը Հայաստանում մեծ վերելք է ապրում։ Նա կարևորեց հեռավոր համայնքներում նման միջոցառումների անցկացումն՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր այսպիսի իրադարձություն ակտիվացնում է համայնքային կյանքն ու նոր շունչ հաղորդում։ 

«Այսպիսի միջոցառումները շղթայական ռեակցիայով իրենց ազդեցությունն են թողնում համայնքային կյանքի վրա։ Նախ` զբոսաշրջությունն է զարգանում, տեղերում հյուրատնային տնտեսությունն է սկսում զարգանալ, գաստրոբակեր են ձևավորվում ու փառատոնի օրերից զատ բերում են զբոսաշրջիկների։ Բնակիչները հնարավորություն են ունենում վաճառել իրենց արտադրանքը։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ նոր էինք սկսում այսպիսի փառատոններ անցկացնել,  5-6 հոգի էր արձագանքում։ Մարդկանց համոզում էինք, որ գան, մասնակցեն։ Այսօր արդեն գրանցումների ցանկը բավական ընդգրկուն է։ Ի վերջո, նման փառատոններով մեր համայնքներն ենք ճանաչելի դարձնում իրենց խոհանոցով, ավանդույթներով ու գեղատեսիլ վայրերով»,-ասաց Նունե Մանուկյանը։ 

Փառատոնի բացումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին ժամը 12։00-ին։ Բուն փառատոնին մասնակցելուց զատ այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու տեղի պատմամշակութային վայրերը։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում