Սփյուռք

Շատ կարևոր է սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում. Անդրանիկ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Շատ կարևոր է սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ սփյուռքահայերն առայժմ չնչին ներգրավվածություն ունեն Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում:

«Կարող եմ ասել, որ սփյուռքի ներգրավվածությունը շատ փոքր չափի է: Նախկինում սփյուռքի ներուժը դիտարկվում էր Հայաստանին ֆինանսապես օգտակար լինելու տեսանկյունից: Մինչդեռ սփյուռքի ինտելեկտուալ ներուժը շատ քիչ է օգտագործվել Հայաստանի տնտեսությունում: Ռազմական արդյունաբերության գործարաններից մի քանիսում այսօր աշխատում են սիրիահայ ճարտարագետներ և վարպետներ, որոնք մեծ օգուտ են տվել այս ոլորտին, հատկապես՝ համազարկային միջոցների արտադրության բնագավառում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

 Նա արձանագրեց, որ նախկինում Հայաստանի ռազմարդյունաբերությունը սահմանափակվում էր առանձին դետալների վերանորոգմամբ, մինչդեռ ներկայումս կան կայացած ինժեներական թիմեր, տարածքներ, հոսքագծեր, որոնք զինված ուժերին ապահովում են այնպիսի արտադրանք, որ լոգիստիկ սահմանափակ հնարավորությունների պարագայում շատ դժվար է ներկրել արտերկրից:

«Հայաստանում զարգացել է նաև ԱԹՍ-երի արտադրությունը և զինված ուժերը ստանում են արդեն փորձարկում անցած համակարգեր, որոնք նպաստում են երկրի անվտանգության ամրացմանը: Այսօր ունենք զարգացող արդյունաբերություն, որն ավելի զարգացնելու համար պետք է ապահովել ինտելեկտուալ ներուժի անդադար ներհոսքը հայրենիք: Մեր գլխավոր նպատակին հասնելու համար պետք է մեկտեղենք բոլորիս ջանքերը: Սփյուռքն ունի անելիք. առաջին հերթին պետք է գիտելիքներով օժտված իր զավակներին կապի Հայաստանի և նրա անվտանգության կառույցների հետ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում