Հայաստան

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը հնարավորություն է իրավիճակը հասկանալու և Հայաստանին թիրախային օգնություն ցուցաբերելու համար

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը  հնարավորություն է իրավիճակը հասկանալու և Հայաստանին թիրախային օգնություն ցուցաբերելու համար

18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը  սփյուռքի և Հայաստանի միջև երկխոսության մեծ հարթակ է. սա հնարավորություն է իրավիճակը հասկանալու և Հայաստանին թիրախային օգնություն ցուցաբերելու տեսակետից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում այս մասին նշեց VIVA հիմնադրամի ղեկավար, գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ իր համար այս համաժողովը շատ կարևոր է, քանի որ ինքն արդեն երեք տարի է Ռուսաստանից տեղափոխվել ու հաստատվել է Հայաստանում: 

«Նման հարթակները սփյուռքի և Հայաստանի միջև երկխոսության հնարավորություն են: Մենք հայրենիքից դուրս հաճախ չենք հասկանում, թե ինչն  է ավելի անհրաժեշտ Հայաստանին, իսկ սա հնարավորություն է հասկանալու և Հայաստանին թիրախային օգնություն ցուցաբերելու տեսակետից:

Լինելով բժիշկ, գիտնական՝ ես շատ կուզեի տարիներ առաջ ունենալ նմանատիպ հարթակներ, որտեղ կկարողանաի խոսել, հարցեր տալ ու հասկանալ, թե ինչո՞վ ես կարող եմ օգնել Հայաստանին, որ ծրագրերի մեջ է անհրաժեշտ  իմ փորձը, կարողությունները և պրակտիկան օգտագործել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ կամավոր բժիշկներից կազմված VIVA հիմնադրամն  արդեն 8 տարի է՝ գործունեություն է ծավալում Հայաստանում: 

«Օգնում ենք Հայաստանին առողջապահական համակարգում:  Իրականացում ենք բժիշկների համար դասընթացներ և վերապատրաստումներ, և շատ ենք ուզում, որ բժշկական ոլորտը զարգանա նաև Հայաստանի մարզերում: Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նկատեց նա:

Տատյանա Հովհաննիսյանն ընդգծեց՝ այսօր իրենց հիմնադրամը փորձում է մարդկանց պատրաստել ցանկացած ծանր իրավիճակների՝ երկրաշարժ, պատերազմ այլ  աղետներ:

«Օրինակ, մենք այժմ դպրոցներում սովորեցնում ենք առաջին օգնություն ցուցաբերել, որպեսզի տարիներ հետո այդ երեխաները, զորակոչվելով բանակ, պատրաստ լինեն օգնելու և՛ իրենք իրենց և՛ զինակից ընկերներին»,- եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում