Իրավունք

Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

2 րոպեի ընթերցում

Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, այդ թվում նաև՝ ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին ներկայացվել է մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն  անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զինծառայողն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։ 

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում