Սպորտ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաճառում է ակումբը

4 րոպեի ընթերցում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաճառում է ակումբը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաճառքի է հանել ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը:

Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին:

Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:

Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ:

Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով անհնարինության մասին աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:

Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում:

Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկ»-ի ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում:

Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար:

Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ միասին ուրախացել են հաղթանակներով: Մենք իսկապես պատմական արդյունքների հասանք ու ես հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով»:

«Փյունիկ»-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի Բարձագույն Խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմնադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում