Սպորտ

ՀԱՕԿ-ը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներին

3 րոպեի ընթերցում

ՀԱՕԿ-ը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՕԿ գործկոմի նիստը ղեկավարում էր Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն, ով ամփոփեց Փարիզ-2024-ում հայ մարզիկների ելույթները: «Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես հետևում էր ձեր ելույթներին և միասնական էր: Դուք կարողացաք այս ծանր օրերին մեր հանրությանը հպարտություն և հաղթանակ պարգևել: Բոլորին է հայտնի, որ Օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են: Ես շնորհակալ եմ, որ ձեր մասնակցությամբ մեր ժողովրդին ուրախության պահեր նվիրեցիք»,-ասաց Ծառուկյանը:

Վերջինս ընդգծեց, որ սպորտում կարևոր դեր է խաղում նաև սպորտային բախտը: «Այժմ նայելով ապագային, կարող ենք ասել, որ լավ թիմ ունենք: Բոլոր այն մարզաձևերը, որտեղ Հայաստանը միշտ աչքի է ընկել, իրենց բարձունքի վրա են, բացառությամբ ձյուդոյի»,-ընդգծեց Ծառուկյանը:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը, Արթուր Դավթյանը և Վարազդատ Լալայանը պարգևատրվեցին 20 միլիոն դրամով, ՕԽ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը` 15 միլիոն դրամով: Դրամական խոշոր պարգևների (10 միլիոն դրամ)  արժանացան նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման  գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանակով պարգևատրվեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

 Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում