Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. «Արենի 1» քարանձավից հայտնաբերված կաշվե կոշիկն աշխարհի ամենահին ոտնամանն է

2 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. «Արենի 1» քարանձավից հայտնաբերված  կաշվե կոշիկն աշխարհի ամենահին ոտնամանն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաշվե ոտնամանը հայտնաբերվել է Վայոց Ձորի մարզի «Արենի 1» քարանձավից 2008 թվականին։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքները հիմք ընդունելով՝ գտածոն թվագրվում է Ք.ա. 3600-3500 թվականներով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Անի Ադիգյոզալյանը նշեց, որ այդ հետազոտությունը թույլ է տալիս զարմանալի լավ վիճակում մեզ հասած բացառիկ այս գտածոն համարել աշխարհի հնագույն կաշվե ոտնամանը։

«Քարանձավը ներսում ունի մի քանի սրահներ, իսկ արտաքին բաց հատվածը ամենալայն տարածքն է, որտեղից հայտնաբերվել է կոշիկը: Այն հայտնաբերվել է էնեոլիթյան ոչ խորը շրջանաձև հորից՝ ուղղահայաց դրված վիճակում, որի հետ նույն տեղից հայտնաբերվել են նաև շատ օրգանական, բուսական և կենդանական մնացորդներ, իսկ հենց կոշիկի հետ հայտնաբերված գտածոներից են կարմիր եղջերվի թիակոսկրը, որի վրա դեռևս պահպանված էին չորացած մսի որոշ հատվածներ, ձկան ողնաշար և տարբեր քարերից պատրաստված գործիքներ »,- նշեց մասնագետը: 

Նա ասաց, որ կոշիկից վերցվել է երեք նմուշ, որոնք ուղարկվել են Կալիֆորնիա և Օքսֆորդ՝ ուսումնասիրելու նպատակով: Հետազոտությունների արդյունքներով պարզ է դարձել, որ այն 5500 տարեկան է: 

 «Կոշիկի առկայությունը խոսում է այն մասին, որ այդ ժամանակ զարգացած է եղել արհեստագործությունը: Քարայրից հայտնաբերվել են  նաև այլ կաշվե կտորներ, որոնք, ճիշտ է, ամբողջական կոշիկի տեսք չունեն, բայց ենթադրվում է, որ դրանք նույնպես նախատեսված են եղել կոշիկ պատրաստելու համար: Դրանցից   մի քանիսը նույնիսկ թվագրվում են ավելի վաղ ժամանակաշրջանով, քան կոշիկն է»,- ասաց նա:

Վայոց ձորի մարզի «Արենի 1» կոչվող քարայրում հնագիտական պեղումները սկսվել են 2007 թվականից և շարունակվում են մինչ օրս։ 

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում