Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանի քարանձավները պատրաստ են ընդունել զբոսաշրջիկների

Հայաստանի քարանձավները պատրաստ են ընդունել զբոսաշրջիկների

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Վարձակալության կտրվեն հետևյալ քարանձավները` Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» քարանձավները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանի հետ:

«Մրցույթի գլխավոր նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումը խթանելն է: Այս նախաձեռնությունը կարող է նպաստել նաև երկրի տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերով ապահովել մարդկանց մի ստվար զանգվածի»,-նշեց Շաքարյանը:

Քարանձավները զբոսաշրջության նպատակով օգտագործման հանձնելու հարցը բարձրացվել է 2015 թվականի դեկտեմբերին, և կառավարությունը հաստատել է այն:

Սկզբում նախատեսված է եղել վարձակալության հանձնել «Մագելանի» քարանձավը, սակայն հետո մրցույթում ընդգրկվել են ևս չորսը:

Կառավարության որոշմամբ` քարանձավներն ընտրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Վարձակալության կտրվեն այն քարանձավները, որոնք ընդգրկված են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և առավել դիտարժան են:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվել են տարբեր պահանջներ ու պայմաններ:

Ըստ այդմ` մրցույթին մասնակցող անձինք կամ կազմակերպությունները առաջին հերթին պետք է քարանձավների օգտագործման ներդրումային ծրագիր ներկայացնեն: Կարևորվում են նաև ֆինանսական հնարավորությունների հարցը և աշխատանքային ռեսուրսների առկայությունը:

Շաքարյանի խոսքով՝ քարանձավներն ունեն երկրաբանական եզակի կառուցվածք, ժամանակի ընթացքում ձևավորված ներքին և արտաքին միջավայր, էկոհամակարգ: Ուստի պետք է բազմաթիվ գործոններ հաշվի առնել դրանք վարձակալելու դեպքում:

Բոլոր քարանձավները որոշակի վտանգ են ներկայացնում. դրանց մի մասում խոր ուսումնասիրություններ չեն կատարվել, և կարող են քարաթափեր լինել:

Հաղթող կազմակերպության կազմում անպայման պետք է լինեն կենսաբան կամ բնապահպան, քարանձավագետ, աշխարհագրագետ, երկրաբան և հնագետ՝ քարանձավների հետ կապված խնդիրները լուծելու համար: 

«Պահանջները մշակել ենք ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի համապատասխան մասնագետների, քարանձավագիտական կենտրոն ՀԿ-ի հետ: Մասնակիցը պետք է ներկայացնի ծրագիր, որը դեռ նախագիծ չէ: Այն ավելի մանրակրկիտ կմշակեն վերը նշված մասնագետները: Նրանց ցուցումների հիման վրա կորոշվի, թե քարանձավի, որ հատվածն ինչ նպատակով է անհրաժեշտ օգտագործել, հնագիտական շերտերի առկայության դեպքում իրենք ի՞նչ տեսական, պահպանական կամ այլ միջոցառումներ պետք է իրականացնեն:

Հաղթողը պետք է 1,5 տարվա  ընթացքում ներկայացնի բոլոր այն միջոցառումների ցանկը, որոնք պատրաստվում է իրականացնել: Ներդրումային ծրագրերը կքննարկվեն ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովում, որը կազմված է բնապահպան մասնագետներից, հնագետներից, քարանձավագետներից…Նրանցից յուրաքանչյուրն իր մասով է գնահատելու ծրագիրը»,-ասաց նա:

Սուրեն Շաքարյանն ընդգծեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը վերահսկելու է քարանձավներում իրականացվող գործընթացները: «Նախարարության տարածքային մասնագետները պարբերաբար կայցելեն քարանձավներ՝ գնահատելու, թե որքանով է մրցույթը շահած անձը կամ կազմակերպությունը պատշաճ կատարում ստանձնած պարտականությունները»,-եզրափակեց նա:

Մրցույթի անցկացման համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել 45-օրյա ժամկետում:  Քարանձավները կարող են տրամադրվել քսանհինգ տարով:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am