Օրգանական գյուղատնտեսության աջակցությունը նպաստում է հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի մարքեթինգի փորձագետ Յանա Տերտերյանի համոզմամբ՝ Հայաստանում օրգանական սնունդը չունի մասսայական սպառում, սակայն անհրաժեշտ է զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը:
Ավստրիական զարգացման գործակալությունը Եվրամիության հետ համատեղ իրականացնում է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը ծրագիրը, որի նպատակն է նպաստել տեղական եւ միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը:
Նախաձեռնության շրջանակում արդեն իսկ ներկայացվել է 18 դրամաշնորհային ծրագիր:
Յանա Տերտերյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24–ին ավարտին է մոտենում եւս մեկ ծրագրի հայտերի ընդունման ժամկետը: Այն նախատեսված է փոքր ֆերմերների եւ ֆերմերային խմբերի համար:
«Ծրագրի շրջանակում աջակցելու ենք ոչ թե գումարով, այլ ավելի շատ տեխնիկայով. այն, ինչի կարիք ունեն ֆերմերները: Մեզ համար շատ կարեւոր է մարդու ցանկությունը մտնել օրգանական դաշտ, որպեսզի ոչ միայն շահեն ֆերմերները, այլեւ ամբողջ համայնքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում գործակալությունը ներկայացնում էր հայկական արտադրության այն բոլոր ապրանքները, որոնք ունեն օրգանական սերտիֆիկատ՝ թեյեր, ջեմեր, մեղր, եթերայուղեր եւ այլն:
Յանա Տերտերյանը նշեց, որ այժմ ֆերմերների հետ հանդիպումներ ու քննարկումներ են անցկացվում ավելի լավ հասկանալու նրանց խնդիրները:
«Մենք փորձում ենք բացատրել, կատարել տնտեսական հաշվարկներ տեսնելու՝ ինչպես կարելի է անել, որ եւ՛ իրենց համար լավ լինի, եւ՛ սպառողների: Ուսումնասիրելով միջազգային տենդենցները՝ հասկանում ենք, որ օրգանական արտադրանքի հետ կապված վիճակը նույնն է եղել նաեւ այլ եվրոպական երկրներում, բոլորն էլ սկզբում ասել են՝ թանկ է, սակայն իրազեկվածության ծրագրերի շնորհիվ հասկացել են, որ այն անհրաժեշտ է առողջության համար: Մենք հաշվի ենք առնում միջազգային փորձը, սակայն փորձում ենք ադապտացնել նաեւ հայկական շուկային»,-եզրափակեց գործակալության ներկայացուցիչը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում