Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հակամարտության լուծման բանալին` ճանաչել ԼՂՀ անկախությունը. հայ քաղաքագետների կոչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

 Հակամարտության լուծման բանալին` ճանաչել ԼՂՀ անկախությունը. հայ քաղաքագետների 
կոչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային  ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 056 «քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհուրդը ս.թ. ապրիլի 6-ին կայացած համատեղ ընդլայնված նիստում, քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդունեցին դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահներին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին:

«Արմենպրես»-ը ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և ԲՈՀ-ի 056 «քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ  ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈՀ-Ի 056 «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ  ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԻՆ

 

ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՄԱԿ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆ ԼՅՈՒ ՑԶԵԻԻՆ

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՆ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ, ՊԱՐՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ  ՊԱՐՈՆ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻՆ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Ս. թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով՝ հրետակոծելով ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերը: Ադրբեջանը հերթական անգամ ձախողում է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Ադրբեջանի հիմնական նպատակն է ձախողել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, բռնի ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը և ցեղասպանության ենթարկել նրա հայ բնակչությանը: Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային՝ փորձելով հասնել ՀՀ-ի նկատմամբ ճնշումների գործադրմանը:

Ադրբեջանական կողմը մերժում է տեխնիկական և մասնագիտական ռեսուրսների կիրառմամբ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, ինչը հղի է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքով:

Ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանը պլանավորել է Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին համընթաց: Նախկինում ևս կարևոր միջազգային հանդիպումների և տարածաշրջան օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում Ադրբեջանը ձեռնարկել է հակամարտության սրում, այդ թվում՝ ռազմական գործողություններ շփման գծում: Կարելի է հիշատակել 2012 թ. հունիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնի Հայաստան կատարած այցի նախօրյակին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքը (Azeris kill three more Karabakh soldiers, http://www.armenia.com.au/news/Armenia-News/English/11824/Azeris-kill-three-more-Karabakh-soldiers/350), ինչպես նաև 2015 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Բեռնում կայացած հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ինտենսիվ խախտման դեպքերը (Border Concerns: Sargsyan-Aliyev meeting brings no immediate tranquility in conflict zone, https://www.armenianow.com/karabakh/68860/armenia_karabakh_azerbaijan_reactions_commentaries_talks):

Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական իրողությունները և աղավաղելով Ղարաբաղյան հակամարտության էությունը, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղը բռնազավթելու մեջ: Ինչպես Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետական հետազոտությունների դպրոցում իր զեկուցման մեջ նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՙօկուպացիա՚ բառը Ղարաբաղի առնչությամբ օգտագործողները պետք է հաշվի առնեն այն քաղաքական փաստը, որ Ղարաբաղը հենց ինքը 70 տարի շարունակ եղել է ադրբեջանական ՙօկուպացիայի՚ զոհ, քանի որ 1921 թ. հուլիսի 5-ին բոլշևիկյան կուսակցական ոչ լեգիտիմ մարմին հանդիսացող Կովբյուրոն Ստալինի ճնշմամբ ընդունեց ապօրինի որոշում, որով հայաբնակ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, ինչը հիրավի ՙօկուպացիա՚ էր (Կովբյուրոյի որոշման մասին տես՝ "Историческая призма": 1921 год. Большевистские игры вокруг Карабаха, http://www.memo.ru/d/118764.html):

Այս համատեքստում հարկ ենք համարում համառոտակի ներկայացնել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրինական հիմքերը:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, խախտելով այն ժամանակ գործող ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ընդունեց Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման Հռչակագիրը: Արձագանքելով այս ոչ օրինաչափ որոշմանը՝ միջազգային իրավունքի և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրության` 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված ՙԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին՚ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենքի դրույթների համաձայն 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում որոշվեց Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի սահմաններում հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախի Հանրապետություն) (Закон СССР "О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР" No 1410-1 от 3 апреля 1990 г." Ведомости Съезда народных депутатов СССР, Верховного Совета СССР", 1990, No 15, декларация о провозглашении Нагорно-Карабахской Республики http://www.nkr.am/ru/declaration/10/):

1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, շարունակելով իր հակաիրավական գործողությունները, ընդունեց անկախության մասին Սահմանադրական ակտ և, դրանով իսկ հայտարարելով խորհրդային պետաիրավական համակարգից իր դուրս գալու որոշման մասին, օրենսդրորեն ամրագրեց ապագայում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունից հրաժարումը: 1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին: Ի պատասխան տվյալ ոչ օրինական ակտերի՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքի նորմերի ու 1990 թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ և միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվեց անկախության հանրաքվե: Դրան մասնակցելու հնարավորություն տրվեց նաև ԼՂՀ ադրբեջանցի փոքրամասնությանը, որը, սակայն, Բաքվի ցուցումով հրաժարվեց այդ հնարավորությունից (Акт о результатах референдума о независимости Нагорно-Карабахской Республики, http://www.nkr.am/ru/referendum/42/): 

Իրադարձությունների հետագա զարգացման հետևանքով վերացավ նաև ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ հանրաքվեի արդյունքները համա­ձայ­նեցնելու անհրաժեշտությունը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին Ալմա Աթայի հռչակագիրը (Алма-Атинская Декларация, Алма-Ата, 21 декабря 1991 г. http://cis.minsk.by/page.php?id=178): Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինաչափ է, դրա արդյունքներով ձևավորված ԼՂՀ-ն՝ լեգիտիմ, իսկ նրա անկախության ճանաչումը դառնում է հակամարտության լուծման բանալի:

ՀՀ-ն, հարցականի տակ չդնելով այդ հանրաքվեի օրինականությունը և դրսևորելով բարի կամք, ի պաշտպանություն համանախագահների գործունեության համաձայնվեց Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես հետագա բանակցությունների հիմք, այդ թվում՝ դրանցում ամրագրված ինքնորոշման ձևակերպման լրացուցիչ ընթացակարգերի վերաբերյալ առաջարկությունները (“Referendum As A Gesture Of A Good Will: Peace And War Scenarios For Karabakh” http://www.harvard-bssp.org/static/files/390/Lyon%20University%20Yerevan%20INSS%20Regional%20Security%20South%20Caucasus%20Conference.pdf):

Այդ առնչությամբ նպատակահարմար ենք համարում ԼՂՀ հռչակման հանրաքվեի իրավաչափության և դրա արդյունքների լեգիտիմության մասին ՀՀ կառույցների համապատասխան որոշումների ընդունումը և ԼՂՀ-ի հետ համակողմանի համագործակցության պայմանագրի մշակումն ու կնքումը:

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունները գնահատելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի պլատֆորմի քայքայմանն ուղղված սադրանք՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դիմում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ նրանց կոչ անելով ստեղծված իրավիճակում զերծ մնալ ագրեսորի և պաշտպանվող կողմի անհիմն հավասարեցումից: Տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վտանգի կանխման համար հարկ է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին տալ հստակ քաղաքական գնահատական և միջոցներ ձեռնարկել նրան պատժելու համար:

Անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ ԼՂՀ-ի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը չխաթարեց Հայաստանում և Արցախում հասարակական-պետական կյանքի բնականոն ընթացքը: Պետական մարմիններն ու հիմնարկները, հասարակական կազմակերպություններն ու մասնավոր ձեռնարկությունները շարունակում են արդյունավետ կերպով կատարել քաղաքացիների, միջազգային, պետական, հասարակական հաստատությունների առջև վերցրած իրենց տնտեսական, ֆինանսական, քաղաքական-դիվանագիտական պարտավորությունները: Այս կապակցությամբ մենք շեշտում ենք հայկական կողմերի հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանման, արտաքին և ներքին ներդրումների երաշխավորվածության սկզբունքներին` ի շահ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շարունակական զարգացման:

Ըստ արժանվույն գնահատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ կոչ ենք անում նրանց.

 

  • կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակի կայունացման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության դեմ ուղղված սադրանքներ թույլ չտալու համար, 

 

  • հրատապ կարգով բարձրացնել շփման գծի երկայնքով ԵԱՀԿ կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունավետությունը և ներդնել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության համապատասխան մեխանիզմներ՝ հրադադարը խախտողի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությամբ, 

 

  • վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների լիիրավ կողմի կարգավիճակը, ինչպես դա նախատեսվում է 1995 թ. մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի ընդունած փաստաթղթում,

 

  • որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալի` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

 

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ                       «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ                             ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

            

                                                                           

                                                                           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]