Քաղաքականություն

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

7 րոպեի ընթերցում

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշեց Հնդկաստանի Հանրապետության օրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնակատարության ժամանակ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր ելույթում հիշեցրեց, որ 1950 թվականի այս օրը Հնդկաստանը դարձավ Հանրապետություն՝ ընդունելով իր Սահմանադրությունը, որը մշակվել է հանրապետության հիմնադիր հայրերից կազմված Հիմնադիր ժողովի կողմից: Դեսպանը հավելեց, որ անցած տարին՝ 2024 թվականը, կարևոր տարի էր Հնդկաստանի ժողովրդավարական ուղու մեջ, քանի որ երկրի ընտրական հանձնաժողովը աննախադեպ արդյունավետությամբ և հաջողությամբ յոթ փուլով անցկացրեց հսկայածավալ ազատ և արդար համընդհանուր ընտրություններ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքը վերընտրվեց երրորդ անգամ անընդմեջ։

Հնդկաստանը վերջերս դարձավ աշխարհում 4-րդ երկիրը, որը հաջողությամբ հասավ տիեզերքում անօդաչու դոկինգի: Արձակման երրորդ հարթակի հաստատման հետ մեկտեղ սա կարևոր պահ է, որը հնարավորություն է տալիս ունենալ ավելի բարձր արձակման հաճախականություններ, մարդու թռիչք դեպի տիեզերք Հնդկաստանի կողմից և իրականացնել տիեզերական հետազոտական շատ այլ առաքելություններ:

«Հնդկաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններն առաջընթաց ապրեցին և 2024 թվականը նշանավորվեց նրանց հետագա ամրապնդմամբ՝ ներառյալ մեր կանոնավոր քաղաքական փոխանակումներից մինչև խորհրդարանական շփումներ, պաշտպանական համագործակցության ինստիտուցիոնալացում, առևտրային, մշակութային և կրթական կապերի ընդլայնում: Առաջին «Երևանյան երկխոսությունը», որը ձևավորվել է հնդկական «Raisina Dialogue»-ի օրինակով, համատեղ կազմակերպվել է Հայաստանի ԱԳՆ-ի և հնդկական հետազոտական ​​կենտրոնի՝ Observer Research Foundation (ORF) կողմից 2024 թվականի սեպտեմբերին: Այն համախմբել էր նախարարների, դիվանագետների, հետազոտական ​​կենտրոնների և ակադեմիկոսների ամբողջ աշխարհից: Առաջին համաժողովի վիթխարի հաջողությունը երաշխավորեց, որ այն կլինի ամենամյա, իսկ երկրորդը կկայանա այս տարվա վերջին: 2024 թվականն ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Հնդկաստան այցելությամբ»,- ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը պաշտոնապես դարձավ Միջազգային Արևային Դաշինքի 104-րդ լիիրավ անդամը և առաջին երկիրը տարածաշրջանում, որը միացավ Դաշինքին այն բանից հետո, երբ կողմերը փոխանակեցին վավերացման փաստաթղթերը: Հնդկաստանն ու Հայաստանը անդրդվելի մնացին բոլոր միջազգային հարթակներում միմյանց աջակցելու հարցում։

«Համագործակցությունը, հատկապես կարողությունների զարգացումը հատուկ ուշադրության կարիք ունի: Հնդկաստանում տարբեր ոլորտներում վերապատրաստման ծրագրեր անցած հայ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների թիվն այս տարի զգալի աճ է գրանցել: Օրինակ՝ Պետական ​​եկամուտների կոմիտեի 18 պաշտոնյաներից բաղկացած խումբը նոր է վերադարձել՝ ավարտելով Հնդկաստանի Ազգային դատաբժշկական գիտությունների համալսարանում վերապատրաստման դասընթացները: Մենք հավատարիմ ենք մեր զարգացման գործընկերության հետագա ընդլայնմանը:

Հնդկական ֆիլմերը Հայաստանում միշտ էլ սիրված են եղել։ Ընդառաջ գնալով այս պահանջարկին՝ մեր դեսպանատունը 2024 թվականի նոյեմբերին կազմակերպեց հանրաճանաչ «Յաշ-Ռաջ» ընկերության ֆիլմերի փառատոն: Մենք նախատեսել ենք ևս երկու կինոփառատոն՝ մեկը նվիրված է Բոլիվուդի մեծն շոումեն Ռաջ Կապուրի հարյուրամյակին, այն կկայանա փետրվարի սկզբին, իսկ մյուսը՝ ս.թ. մարտին՝ նվիրված Միթհուն Չակրաբորտիին՝ Ջիմիին: Հուսով ենք, որ մեծաթիվ հանդիսատես կունենանք այս դասական ֆիլմերը դիտելու համար»,- ասաց Նիլակշի Սահա Սինհան:  

Դեսպանը հավաստիացրեց, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում: 

«Մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանը հետևողականորեն աշխատում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Հնդկաստանը՝ Խաղաղության Առաքյալ Մահաթմա Գանդիի երկիրը, միշտ հանդես է եկել հակամարտությունները լուծելու համար խաղաղ երկխոսության օգտին»,- եզրափակեց Նիլակշի Սահա Սինհան:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Հնդկաստանի ժողովուրդը նոր էջ գրեց իր բազմադարյա պատմության մեջ՝ աշխարհին ներկայանալով որպես խոշորագույն ժողովրդավարություն։

«Սահմանադրության մեջ ամրագրված արդարության, ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները հնդիկ ժողովրդի՝ անկախության համար մղված պայքարի կամարտահայտումն են։ Հայաստանում համակրանքով են վերաբերվում Հնդկաստանի արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին։ Թեև մեր երկրները գտնվում են աշխարհագրորեն տարբեր տարածաշրջաններում, մեզ միավորում են հարուստ պատմության անցյալը, ժողովրդավարական արժեքները և միմյանց մշակութային ժառանգության հանդեպ խորը հարգանքը»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։   

Գրիգորյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները շաղկապված են բարեկամության դարավոր կապերով, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը երկարաժամկետ կտրվածքով ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ 

«Հնդկաստանը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի համար՝ որպես միջազգային ասպարեզում իր հաստատուն տեղն ամրագրած կարևորագույն դերակատար։ Այսօր արդեն գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեզ հաջողվել է նոր հանգրվանի հասցնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով։ Մենք վճռական ենք երկկողմ հարաբերությունների չիրացված ներուժը լավագույնս իրացնելու և մեր երկրների միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում։ Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է խթանել քաղաքական երկխոսությունն ու միջազգային հարթակներում ընդլայնել փոխգործակցության իրավական դաշտը։ ՀՀ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս նաև բարեկամ Հնդկաստանի հետ գործընկերության զարգացմանը տարածաշրջանային և գլոբալ նշանակության նախաձեռնությունների շրջանակներում՝ ի շահ խաղաղության և անվտանգության համընդհանուր նպատակների առաջմղման»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում